Վրաստանի իշխանությունները վտարել են Բելառուսի քաղաքացի Լև Միխեևին Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են բելառուսական իշխանությունների հարցմամբ, սակայն հետո ազատ են արձակել: Այդ մասին Միխեևը պատմել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:
Բելառուսցին Վրաստանում ապրել է հինգ տարի: Սեպտեմբերի 25-ին նա ներկայացել է երկրի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի միջազգային պաշտպանության բաժին՝ երկարաձգելու անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի՝ հոկտեմբերի 9-ին լրացող ժամկետը, սակայն այնտեղ նրան ձերբակալել են, ապա հաղորդել, որ անհապաղ պետք է լքի Վրաստանը. պարզվել է, որ երկու ամիս առաջ վրացական դատարանը Միխեևի միջազգային պաշտպանությունը մերժող վերջնական որոշում է ընդունել: Նա պնդում է, թե տեղյակ չէր այդ որոշման մասին:
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Միխեևին առաջարկել են ընտրել երկիրը, ուր իրեն վտարելու են՝ Բելառուս, Ռուսաստան, Թուրքիա կամ Հայաստան: Նա ընտրել է Հայաստանը, նույն օրը բելառուսցուն հասցրել են սահման՝ նրան հանձնելով անձնագիրը, հեռախոսը և Վրաստանում ապօրինի մնալու համար 1000 լարի (շուրջ 385 դոլար) տուգանքի անդորրագիրը:
Հայաստանի սահմանին անձնագրի ստուգման ժամանակ Միխեևին ձերբակալել են, քանի որ Բելառուսը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, և տարել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք, որտեղ գիշերն անցկացնելուց հետո հաջորդ օրը նա ազատ է արձակվել:
Գործող ընթացակարգի համաձայն՝ Բելառուսի կողմից միջնորդություն ստանալու դեպքում Հայաստանի գլխավոր դատախազությունը կորոշի՝ արտահանձնել նրան, թե՝ ոչ:
Միխեևը «Ազատության» բելառուսական ծառայությանն ասել է, թե իր համար վտանգավոր է մեկնել Բելառուս։ Բելառուսն ու Ռուսաստանը իր նկատմամբ հետախուզում են հայտարարել, բայց թե կոնկրետ ինչի համար, պնդում է, թե չգիտի: Ռուսական հետախուզման տվյալների բազայի համաձայն՝ Բելառուսի իշխանությունները նրան հետախուզում են 2022 թվականի դեկտեմբերից։
Լև Միխեևը պատմում է, որ 2021 թվականին ուժայինները խուզարկության օրդերով եկել են իր տուն։ Նա ծնունդով Մինսկից է, բայց հետո տեղափոխվել է Լեպելի շրջանի Բորովկա գյուղ։
«Քանի որ ես գրող եմ, նրանք որոշեցին, որ ես կարող եմ գրել պատերին՝ իհարկե, իշխանության տապալման կոչեր», - հեգնանքով մեկնաբանել է Լև Միխեևը։
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում ուժայինները ոչինչ չեն գտել։ Բայց դա դարձել է վերջին կաթիլը, որից հետո հավաքել է ճամպրուկը, վաճառել բնակարանը և մեկնել արտերկիր:
Միխեևն ասում է, որ եղել է ընդդիմադիր գործիչ Վիկտոր Բաբարիկոյի նախաձեռնող խմբի անդամ։ 2020 թվականի օգոստոսին՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո մասնակցել է Լեպելում իշխանության բռնության դեմ բողոքի ակցիաներին։
Արդեն Թբիլիսիում մասնակցել է բելառուս քաղբանտարկյալների հետ համերաշխության և Ուկրաինայում պատերազմի դեմ ակցիաներին։ Այս ամենը կարող է Բելառուսում կարող է ձերբակալման հիմք դառնալ։