Վրաստանում հնարավոր է սահմանափակվի արտասահմանյան աղբյուրներից ԶԼՄ-ների ֆինանսավորումը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը նախաձեռնում է «ԶԼՄ-ների մասին օրենքի» ընդունում, որը կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը, հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացված եկամուտներին, իսկ բուն օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա, հաղորդում է Эхо Кавказа-ն:

«Օրենքը սահմանելու է ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն մոնիթորինգի և այդ ստանդարտների պահպանման ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմները», - ասել է Մդինարաձեն։

Նա հայտնել է, որ «Վրացական երազանքը» կսկսի օրինագիծը պատրաստել արդեն բառացիորեն վաղը։

2023-24 թվականներին իշխող կուսակցության առաջնորդները հայտարարում էին, որ ԶԼՄ-ների և ՀԿ-ների գործունեությունը չի արգելափակվի։ Ֆինանսավորման արգելքը, սակայն, շատ լրատվամիջոցների փակման վտանգի տակ է դնում: