Ուրբաթ օրը Թբիլիսում ձերբակալել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեին, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում և խորհրդարանում, այդ թվում՝ տարբեր տարիների եղել է վարչապետի պաշտոնակատար, Եվրատլանտյան ինտեգրման գծով պետնախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար:
Բարամիձեին մեղադրում են պետական դավաճանության և երկրի պետական շահերին սպառնալիք ստեղծելու մեջ: Քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է «Ազատությյան» վրացական ծառայությունը, Բարամիձեի նկատմամբ հետապնդման առիթ է դարձել «Վրաստանի ծնունդը» հեռուստատեսային հաղորդման ժամանակ նրա արտահայտությունը: Խոսելով 1992-93 թվականների վրաց - աբխազական պատերազմից՝ ընդդիմադիր գործիչը, ըստ դատախազության, հայտարարել է, որ վրացի զինվորականները գնդակահարել են աբխազ գերիներին: Ինքը Բարամիձեն «Ազատության» հետ զրույցում դա հերքել է՝ պնդելով, թե իր բառերը սխալ են մեկնաբանվել:
Գիորգի Բարամիձեն և կուսակիցները քաղաքական են համարում նրա նկատմամբ հետապնդումը: Միացյալ ազգային շարժման անդամ Լաշա Պարուլավան, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե իրոք կան դավաճաններ, ապա դա Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմն է»: Կուսակցության ղեկավարներից Իրակլի Պավլենաշվիլին էլ տեղի ունեցածը քաղաքական վրեժ է որակել: «Նրա ձերբակալության հրամանը տվել է Ռուսական կայսրությունը, նա բանտային կալանքի է դատապարտվել Ռուսաստանի կողմից», - պնդել է Պավլենաշվիլին:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին Սաակաշվիլիի կողմից, Վրաստանի իշխող կուսակցությունն էր 2002-ից մինչև 2012 թվականը, երբ իշխանության եկավ Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը: