Վրաստանի պատրիարքը հոսպիտալացվել է, վերակենդանացման բաժանմունքում է

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Թբիլիսիի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ «առողջության հանկարծակի վատթարացման պատճառով»։

93-ամյա հոգևոր առաջնորդի հոսպիտալացման լուրը առաջինը հաղորդել էր կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը։ Ավելի ուշ Վրաստանի պատրիարքարանը հաստատել է, որ Իլիա երկրորդը ներկայումս գտնվում է Կովկասյան բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում. - «Նրա վիճակը ծանր է, բայց՝ կայուն»։

Պատրիարքի առողջական վիճակը վատացել է նախորդ գիշեր։ Բժիշկների խոսքով՝ Պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել ստամոքսային արյունահոսությամբ։

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտնել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բժշկական պրոցեդուրաները։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Պատրիարքի առողջությունը վերականգնելու համար», - հայտարարել է նախարարը։

Իլիա Երկրորդը ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի հոգևոր ճեմարանը, 1960 թվականին՝ Մոսկվայի Աստվածաբանական ակադեմիան, 1977 թվականին ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։