Ոսկու հանքի վերաբացման հարցով հանրային քննարկումը Ստեփանավանում բուռն անցավ

`

Ոսկու տենդ՝ այս անգամ՝ Ստեփանավանում: Այստեղ թանկարժեք մետաղի որոնումները, աշխատատեղերի խոստումն ու տուրիզմի ապագան հանրային քննարկումը թեժ ու աղմկոտ էին դարձրել:

Մի կողմում չաշխատող հանքի ընդլայնմանը կողմ արտահայտվողներն էին, որ կամ աշխատում են, կամ էլ երբևէ աշխատել են Արմանիսի հանքում:

Նրանցից մեկը տեղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանն է: Տարիներ առաջ 200 հազար դրամով հանքատերերին է հանձնել սեփական հողն ու զրկվել գյուղատնտեսությունից, բայց չի զղջում, որովհետև չորս տարի աշխատանք է ունեցել: Այսօր էլ հույս ունի՝ վերաբացեն՝ ինքն էլի աշխատավարձ կունենա. - «Ուզում եմ, որ էդ հանքը աշխատի, այո, աշխատի, որ մարդիկ հաց ունենան»:

«Սագամար» ընկերության վարչատնտեսական բաժնի պետ Նազիկ Հովհաննիսյանն էլ հանքի օգուտն անչափելի է համարում Ստեփանավանի համար: «Դուք գիտեք մեր քաղաքի վիճակը, սոցիալական վիճակը: Հինգ հատ հանգստյան տուն, որտեղ աշխատողների կեսը գրանցված են, կեսը՝ չէ, 50 հազար դրամով են աշխատո՞ւմ, հա՞, դուք էդ համարում եք, որ զբոսաշրջություն եք զարգացնո՞ւմ: Ես հենց հիմա հանքում աշխատում եմ», - հայտարարում էր նա:

Դահլիճում, մինչդեռ, գերիշխում էր հակադարձողների ձայնը:

Մարդիկ, որոնք թողել են մայրաքաղաքի աղմուկն ու Ստեփանավանում տուն գնել՝ ապագա փնտրելով իրենց երեխաների համար, պնդում են՝ հանքի վերաբացումը կսպանի տուրիզմը:

Դահլիճում մի կին էլ փորձում էր համոզել նախարարության ու ընկերության ներկայացուցիչներին, որ 9 տարի առաջ թողել է բժշկի գործն ու Արմանիսում շուրջ 100 միլիոն դրամի ներդրմամբ պանրի գործարան հիմնել, իսկ հանքի ընդլայնումը կզրոյացնի իր ամբողջ աշխատանքը:

Ռուսական կապիտալով «Սագամար» ընկերությունը, որը դեռ 2000-ականներից Արմանիսում հանքարդյունաբերության թույլտվություն ունի, հարյուրավոր աշխատատեղեր է խոստացել, բայց տարիներ շարունակ կիսատ-պռատ ու մեծ ընդմիջումներով աշխատել: Այսօր հայտարարում են, թե միլիոնավոր դոլարների ներդրումներով կորզված ոսկին իրենց օգուտ չի տվել: Ընկերության փոխտնօրեն Արա Բերբերյանն ասում է՝ խորհրդային տվյալներով էին հանք բացել, պարզվեց՝ ոսկու մեծ պաշարների մասին տվյալներն իրական չեն, այսօր նոր հետազոտության կարիք ունեն՝ հանրության թույլտվությունն է պետք:

«Հիմա որպեսզի շահավետ լինի, պետք է էդ ուսումնասիրությունները արվի, պետք է ճիշտ մեխանիզմներով աշխատենք», - վստահեցնում էր Բերբերյանը:

Մինչ բնապահպանները պայքարում են, որ «Սագամար»-ի ծրագրերը տապալվեն, պարզվում է՝ Ստեփանավանի ավագանին արդեն իսկ առատաձեռն որոշումներ է կայացրել: Տարեսկզբին Արմանիսի և Ուրասարի անտառներում ոսկի, արծաթ, պղինձ, կապար ու ցինկ որոնելու համար ավագանին ընկերությանը 23 տարով վարձակալության է տվել 23 հեկտար հողատարածք՝ տարեկան յուրաքանչյուր հեկտարի համար սահմանելով 2 միլիոն դրամ: Բայց դրանից ընդամենը ամիսներ առաջ ավագանին նույն ընկերությանը այս գյուղերի գրեթե կրկնակի մեծ՝ 41 հեկտար տարածք՝ հեկտարը տարեկան ընդամենը 100 հազար դրամով էր տրամադրել: Թե ինչու են ընդամենը կես տարի առաջ ջրի գնով հանքարդյունաբերական տարածք տրամադրել 20 անգամ ցածր գնով, ավագանու նիստերին չի քննարկվել: Ավելին՝ նիստի ժամանակ առաջարկվել էր 100 հազար դրամը դարձնել 150 հազար, որոշումն ընդունվել էր, քվեարկել էին այս տարբերակի օգտին, բայց փաստաթղթերում դարձյալ մնացել է 100 հազարը:

Սա էլ դեռ ամենը չէ: Երկու տարի առաջ ավագանին մեկ այլ՝ «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ընկերությանը 3 տարով վարձակալության էր տվել 920 հեկտար գյուղատնտեսական հող՝ հեկտարը տարեկան ընդամենը 49 հազար դրամով: Հենց այդ նիստի ընթացքում համայնքապետ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Ուրասարում ոսկի փնտրած պորտուգալա-ավստրալական այդ ընկերությունն այդպես էլ ոչինչ չի գտել. - «Չկա, արդեն ուզում են հրաժարվեն: Հմի դաժե ասում ա` «10 տոկոս, էն, ինչ որ ակնկալում ենք, սկի դրա 10 տոկոսը չկա»:

Իսկ թե ինչու են անհայտ ու աղքատիկ պաշարներով հողերն այսքան հրապուրում հանքարդյունաբերողներին, այդպես էլ անհայտ է մնում:

«Սագամար»-ն ընդերքօգտագործման թույլտվություն ունի մինչև 2049 թվականը: Բնապահպանական ու սոցիալական բուռն վեճերով ուղեկցվող այս հանրային լսման արձանագրության հիման վրա Ստեփանավանի ավագանին որոշում կկայացնի՝ տա՞լ վերջնական համաձայնություն, թե՞ մերժել ընկերությանն ու ընտրել տուրիզմի ուղին, ինչպես նշված է իրենց զարգացման ռազմավարություններում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լարվածություն Արջուտում ոսկու հանքի շահագործման շուրջ. գյուղը երկու ճամբարի է բաժանվելՈսկով ու արծաթով հարուստ Քարաբերդում կրկին կրքերը թեժացել էինՔարաբերդում «Զով-Գուժ» ընկերությանը ոսկու հանքի ուսումնասիրության համաձայնություն տվեցինՔարաբերդում ոսկու հանքի հարցով լսումները կողմերը «կայացած» ու «չկայացած» համարեցինԲնակիչներն ու բնապահպանները տապալեցին Լոռու Քարաբերդ գյուղում ոսկու բաց հանք շահագործելու նախաձեռնությունը