Վլադիվոստոկում ապամոնտաժել են Սոլժենիցինի հուշարձանը

Ռուսաստան - Ալեքսանդր Սոլժենիցինի հուշարձանը Վլադիվոստոկում, արխիվ

Վլադիվոստոկում ապամոնտաժել են աշխարհահռչակ ռուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի հուշարձանը: Այն, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, քաղաքի կենտրոնից՝ Կորաբելնայա առափնյակից կտեղափոխեն Հավատի և հուսո պուրակ՝ Վլադիվոստոկի 100-ամյակի պողոտայի շրջանում:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս շաբաթվա վերջ: Պուրակում, ուր տեղափոխելու են արձանը, արդեն քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված «Քարե մոմ» հուշակոթողն է տեղադրված:

Հուշարձանի տեղափոխման որոշման մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին: Նախաձեռնությամբ հանդես էին եկել Խաղաղօվկիանոսյան նավատորմի և վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքապետարանում արձանի տեղափոխումը բացատրել էին պատմաբանների և երկրագետների քննադատությամբ, որոնք պնդել են, թե արձանի տեղը ռազմանավերի մեջ պատեհ չէ, քանի որ Սոլժենիցինը Վլադիվոստոկ էր ժամանել օդանավով, այլ ոչ թե ծովային ճանապարհով:

Հուշարձանը Կորաբելնայա առափնյակում տեղադրել էին 2015 թվականի սեպտեմբերին: Բացումից երեք օր անց կոմունիստ Մաքսիմ Շինկարենկոն արձանի վրա «Հուդա» գրությամբ ցուցատախտակ էր կախել:

Խորհրդային ճամբարների նախկին բանտարկյալ և ստալինյան բռնաճնշումների ամենահայտնի քննադատներից Ալեքսանդր Սոլժենիցինը 1970 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին, իսկ 1974-ին զրկվել է խորհրդային քաղաքացիությունից և արտաքսվել ԽՍՀՄ-ից: Երկու տասնամյակ անց՝ 1994-ի մայիսին վերադարձել է Ռուսաստան Վլադիվոստոկով, որտեղից սկսել է ճամփորդությունը երկրով մեկ: Դա նրա միակ այցն էր այդ քաղաք:

Ալեքսանդր Սոլժենիցինը վախճանվել է 2008-ի օգոստոսի 3-ին Մոսկվայում, 89 տարեկանում: