Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։
«Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է և հստակ, - ապրիլի 12-ի երեկոյան աջակիցների առջև հայտարարել է Օրբանը, - Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը և հնարավորությունը մեզ չի տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»։
Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մաջյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։
«Իմ համաքաղաքացինե՛ր, մենք արեցինք դա, - ընտրողների առջև ունեցած ելույթում հայտարարել է Մաջյարը և հավելել, - Միասին մենք վերջ դրեցինք Օրբանի ռեժիմին։ Միասին մենք ազատագրեցինք Հունգարիան, վերականգնեցինք մեր հայրենիքը»:
Պետեր Մաջյարը ապրիլի 12-ին՝ արդյունքների հրապարակումից հետո
Եվրոսկեպտիկ հայացքներով Օրբանը կառավարության ղեկին էր 2010 թվականից։ Նա նաև 1998-2002 թվականներին է պաշտոնավարել։
Reuters-ը գրել էր, որ այս վերընտրման փորձը Օրբանի համար ամենաբարդն է լինելու։
Reuters-ը, հղում անելով Հունգարիայի ընտրական մարմնին, հայտնում է, որ քվեարկելու իրավունք ունեցողների 79 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, ինչը պատմական ռեկորդ է։