Հունգարիայում նոր դարաշրջան է բացվում երեկվա ընտրություններից հետո, որոնց արդյունքներով, ակնկալվում է, որ կփոխվի ոչ միայն կառավարող ուժն, այլև երկրի զարգացման կուրսն ու հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ։ 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին։
Նրա կուսակցությունը՝ «Տիսան», տպավորիչ հաղթանակ արձանագրեց՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն՝ կառավարման ընդարձակ լիազորություններով. «Շնորհակալություն, որ վստահեցիք մեզ, հավատացիք, որ մենք կարող ենք փոխել մեր ճակատագիրն ու գրել մեր սեփական պատմությունը»։
Պահպանողական դիրքորոշմամբ 45-ամյա առաջնորդը 9.5 միլիոն հունգարացիներին մեկ բան էր խոստանում՝ փոփոխություն երկրում, որը Եվրամիության կազմում ամենաավտորիտարն էր համարվում։ Առաջին քայլն արեց քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ կոչ անելով Օրբանի օրոք պաշտոնավարած նախագահին, բարձրագույն դատավորներին և գլխավոր դատախազին հրաժարական տալ։
«Այսուհետ սա լինելու է մի երկիր, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար, և նրանք, ովքեր դավաճանել ու թալանել են, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար», - նշել է Պետեր Մադյարը։
Թրամփի MAGA շարժման, Եվրոպայում՝ աջակողմյան պոպուլիստների ու նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի դաշնակից Օրբանը պարտությունն ընդունեց շատ արագ։ Միաժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում դադարեցնել պայքարը, որին աջակցելու համար օրերս անգամ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր ժամանել Հունգարիա:
«Մենք ունեցել ենք դժվար և հեշտ, գեղեցիկ և տխուր տարիներ։ Բայց կա մեկ բան, որ բոլորը պետք է իմանան՝ այստեղ և ամբողջ երկրում. մենք երբեք չենք հանձնվի։ Երբեք, երբեք, երբեք», - ընդգծել է նա։
Օրբանի պարտությունից հետո շատերը հանգիստ շունչ քաշեցին, և ոչ միայն երկրի ներսում, ասում է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն Յանիս Էմանուլիդիսը:
«Փաստը, որ Օրբանը պարտություն է կրել, այն էլ՝ այդպիսի ջախջախիչ պարտություն, հզոր ազդակ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, և բոլոր նրանց համար, ովքեր սատարում էին նրան։ Թրամփի ներկայիս վարչակազմը ակնհայտ աջակցում էր, Վենսի այցը Բուդապեշտ ընտրություններից անմիջապես առաջ հենց դրա մասին էր վկայում», ասել է Էմանուլիդիսը։
«Հունգարիան ընտրեց Եվրոպան»
Եվրոպական ճամբարից ու առաջին հերթին Կիևից շտապել են ողջունել. Օրբանը մեկ անգամ չէ կասկածի տակ դրել եվրոպական ընտանիքի միասնությունը, արգելափակել Ուկրաինային հատկացվող օգնությունն ու նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
«Հունգարիան ընտրեց Եվրոպան», նախնական արդյունքների ամփոփումից անմիջապես հետո հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով «Երկիրը վերագտավ իր եվրոպական ուղին»։ Ֆրանսիանի նախագահը ողջունեց Հունգարիայի հանձնառությունը Եվրոպայի հանդեպ, Գերմանիայի կանցլերն էլ պնդեց՝ «այսուհետ որոշումների կայացումը Եվրոպայում ավելի կհեշտանա»։
«Երեկ աջակողմյան պոպուլիզմը ծանր պարտություն կրեց Հունգարիայում, և դա միայն Հունգարիային չի վերաբերում։ Հունգարիան շատ հստակ ազդանշան է ուղարկում աջակողմյան պոպուլիստներին ողջ աշխարհով մեկ»։
Վիկտոր Օրբանը ելույթ է ունենում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, 12-ը ապրիլի, 2026թ.
Օրբանն անցած տարիներին մի քանի աղմկահարույց որոշում էր կայացրել նաև Հարավային Կովկասի վերաբերյալ։ Հենց նրա պաշտոնավարման օրոք Բուդապեշտը Բաքվին հանձնեց սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ով հետագայում Ադրբեջանում ազատ արձակվեց ու պարգևատրվեց։ Բուդապեշտը խոչընդոտում էր նաև Հայաստանին օգնության տրամադրմանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչպես նաև աջակցում Վրաստանի գործող իշխանություններին, որոնց դեմ Բրյուսելը պատժամիջոցներ է սահմանել՝ խորհրդարանական ընտրություններից հետո փողոցային ցույցերը ճնշելու համար։
«Օրբանին հաղթելը կարևոր ուղերձ էր աշխարհին, բայց Մադյարը դեռ պետք է նաև օրբանիզմը կազմաքանդի», - փաստում են քաղաքագետները, ընդգծելով՝ դա կպահանջի ոչ պակաս ջանք ու ժամանակ, փոփոխություններ բերելով ոչ միայն երկրի ներսում, այլև եվրոպական ընտանիքում։
«Միության անդամ պետությունները հաճախ էին Օրբանի թիկունքում թաքնվում։ Քանի որ նա ի սկզբանե վետո էր դնում, դա շատերին էր հնարավորություն տալիս պնդել, թե մենք չենք կարող ավելի հեռու գնալ, քան կցանկանայինք, քանի որ մեզ խոչընդոտում են Վիկտոր Օրբանն ու նրա կառավարությունը։ Այժմ այս փաստարկը այլևս չի գործելու», - նշել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Ջանիս Էմանուիլիդիսը։
Մադյարի հաղթանակը ու համընդհանուր ոգևորությունը շատերին է հիշեցրել հունգարական թերևս ամենահայտնի երգը՝ գարնանային քամին, որ ուղիղ քառասուն տարի առաջ հանրահայտ «Քուինը» կատարել էր Բուդապեշտի լեփ-լեցուն մարզադաշտում։ Այսօր Հունգարիայի ներսում ու դրանից դուրս՝ նոր վարչապետից գարնանային նոր շունչ ու փոփոխություններ են ակնկալում։