Ռուսաստանի նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտարարել է, որ ևս վեց երեխա կվերամիավորվի իր ընտանիքի հետ Ռուսաստանում և Ուկրաինայում, և այդ գործընթացի համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին։
Համաձայն երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մեկ երեխա կվերադառնա Ռուսաստան, իսկ հինգ երեխաներ կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում։
ԱՄՆ առաջին տիկինն անցած տարի օգոստոսին էր նամակ գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անդրադառնալով պատերազմի հետևանքով ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների խնդրին։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հազարավոր երեխաների առևանգման մեջ, ինչը Մոսկվան հերքում է։
Լվովա-Բելովան իր Տելեգրամի գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու գործում նրա «անսասան հանձնառության և ակտիվ մասնակցության» համար։