Վերջին 2 ամսում Ռուսաստանի կորուստները կազմել են 65,000 մարդ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսական բանակը վերջին երկու ամիսներին «խելագար կորուստներ» է կրել՝ 65,000 մարդ, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Մարկ Ռյուտեն, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք այս վիճակագրությունը ներառում է վիրավորներին, անհետ կորածներին, գերի ընկածներին և այլ կորուստներ, թե՞ վերաբերում է բացառապես զոհվածներին: Ռյուտեն նաև չի մանրամասնել, թե կոնկրետ որ ժամանակահատվածն Է ընդգրկում այս վիճակագրությունը։

Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն այնքան ուժեղ է, որ Ռուսաստանը չի փորձի հարձակվել դաշինքի անդամների վրա։ «Մենք կհաղթենք Ռուսաստանի հետ յուրաքանչյուր մարտում, եթե նրանք հիմա հարձակվեն մեզ վրա, և մենք պետք է համոզվենք, որ երկու, չորս, վեց տարի հետո կլինի նույնը», - ասել է նա։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2026-ի փետրվարի 14-ը ռուսական բանակը կորցրել է 63,500 մարդ, իսկ դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը՝ 66,700 մարդ։ Ինչպես հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, երկու դեպքում էլ ուկրաինական կողմի գնահատականները մոտ են Ռյուտեի գնահատականներին, սակայն Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալները ներառում են բացարձակապես բոլոր կորուստները՝ ոչ միայն զոհվածներին, այլև անհետ կորածներին և վիրավորներին։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը վերջերս վիճակագրություն էր հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստների մասին, ըստ որի՝ Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով գրեթե 1.2 միլիոն ռուս և մոտ 600 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել, և կորուստների թիվը այս գարնանը կարող է հասնել 2 միլիոնի։

Միևնույն ժամանակ, ըստ ուսումնասիրության, կոնկրետ զոհերի թիվը շարունակում է աճել։ 2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ռուսական կողմից զոհված զինվորների թիվը մոտ 325 հազար է: Միայն 2025-ին ռուսական կողմից զոհվել կամ վիրավորվել է մոտ 415 հազար զինվոր, միջին ամսականը կազմում է մոտ 35 հազար: Իսկ ուկրաինական կողմից, ըստ հետազոտության, պատերազմի սկսվելուց ի վեր զոհված զինվորների թիվը կազմել է 100 հազարից 140 հազար։