Վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցին արդարացվեց նաև Վերաքննիչում

Ալբերտ Առստամյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել վարչապետի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցուն արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

72-ամյա Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար: Մեկ տարի առաջ վարձով տան պատշգամբից տարեց արցախցին խնձոր էր նետել վարչապետի ուղղությամբ, որևէ մեկը չէր տուժել, բայց դա չէր խանգարել քրեական գործ հարուցել, Առստամյանին ձերբակալել, մեղադրել խուլիգանության մեջ:

Մոր ծնունդն էր, Արցախ գնալ չէր կարող, ընտանիքով հիշել էին, տխրել, աչքն ընկել էր հեռուստացույցի էկրանին, որտեղ խաշլամա ուտող Նիկոլ Փաշինյանն էր: Զայրացած դուրս էր եկել պատշգամբ ծխելու ու ներքևում տեսել նույն Փաշինյանին, որ դիմացի շենքում ապրող բարեկամուհուն էր հյուր եկել:

7 ամիս առաջ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Առստամյանին, ինչից հետո Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ ատյան: Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշումը ստանալուց հետո կարող են ասել՝ կբողոքարկե՞ն այն Վճռաբեկ, թե՞ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդարացված, բայց դեռ մեղադրյալի աթոռին. վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործը՝ ՎերաքննիչումՎարչապետի ուղղությամբ խնձոր նետած տարեց արցախցուն դատարանն արդարացրեց«Բողոքի ակցիա էր». վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցին չի ընդունում մեղքը Պատշգամբից խնձոր վարչապետի ուղղությամբ․ ականատեսների խոսքով՝ իրարանցում է սկսվել, նետողին ազատազրկում է սպառնում