ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան կայցելի երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, այստեղից կմեկնի հաջորդ օրը: Այս պահին Միացյալ Նահանգների փոխնախագահը Իտալիայում է՝ ընտանիքի հետ հետևում է ձմեռային Օլիմպիական խաղերին, որից հետո էլ, ըստ միջազգային լրատվամիջոցների, կժամանի Հայաստան և Ադրբեջան։
Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Վենսի երևանյան օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ, թե նա էլ ինչ հանդիպումներ է ունենալու: Խորհրդարանական ընդդիմադիրներն ասացին՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման հրավեր այս պահին չեն ստացել: Քաղհասարակության մի քանի ներկայացուցիչների հետ կապվեցինք, նրանք էլ հրավեր չեն ստացել:
Վենսի այցի մասին առաջինը հունվարի վերջին տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը, ասելով, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է:
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - Truth սոցիալական ցանցում գրել էր Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի հիշատակած փաստաթղթերի մանրամասներ, սակայն, ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնն այս պահին չեն հաղորդել:
Ըստ քաղաքագետի՝ TRIPP-ի իրագործումն է ԱՄՆ փոխնախագահի այցի հիմնական նպատակը
«Ավելի շատ քաղաքական ժեստ է և քաղաքական բնույթ ունի այս այցը ցույց՝ տալու համար, որ Թրամփի վարչակազմը լուրջ հաջողություն է գրանցել մի տարածաշրջանում, որը երկար տարիներ գտնվում է անկայուն վիճակում», - ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Քաղաքագետ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ TRIPP-ի իրագործումն է ԱՄՆ փոխնախագահի անցի հիմնական նպատակը. «ԱՄՆ վարչակազմը փորձում է կապիտալիզացնել այս արտաքին քաղաքական ձեռքբերումը»:
Վերջին շաբաթներին TRIPP-ի շուրջ իրավիճակն առավել կոնկրետացել է: Համաձայն անցած ամիս հրապարակված հայտարարության՝ կստեղծվի ենթակառուցվածքները կառավարող հայ - ամերիկյան ընկերություն, որի 74 տոկոսը տնօրինելու է ԱՄՆ-ն, 26-ը Հայաստանը: Հայկական կողմը պարտավորվել է Սյունիքով Ադրբեջանից դեպի նախիջևան անխոչընդոտ կապ ապահովել:
Նույն այդ տեքստից պարզ դարձավ, որ ընտրվել է այսպես կոչված ֆրոնթ օֆիս-բեք օֆիս մոդելը: Հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն, շփումը, կիրականացնեն երրորդ կողմի օպերատորի, ենթադրվում է՝ մասնավոր ընկերության աշխատակիցները: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես: Պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում: Հայաստանցի սահմանապահներն ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ կունենան:
Բացի այդ՝ TRIPP-ով անցնողների անխոչընդոտ կապը դյուրացնելու համար կօգտագործվեն թվային գործիքներ՝ բեռները ընտրողաբար կստուգվեն, եթե ռիսկային համարվեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված բեռի անցումը:
Չնայած ձևակերպումները հստակ են, հայաստանցի պաշտոնյաները ուղիղ չեն պատասխանում հարցին՝ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ: Միայն պնդում են՝ ճանապարհը գործելու է Հայաստանի իրավազորության ներքո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունըԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի ևս մեկ կարևոր բաղադրիչ, ըստ քաղաքագետի, միջուկային համագործակցության ոլորտն է:
«Վերջին տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ էին վարում այդ 1, 2, 3 համաձայնագրերի շուրջ, որը հնարավորություն կտա արդեն Միացյալ Նահանգների միջուկային տեխնոլոգիաներով կիսվել Հայաստանի հետ: Ենթադրվում է նաև, որ այդ ուղղությամբ ևս կստորագրվի փաստաթուղթ: Ընդհանուր առմամբ սա արտահայտում է այն օրակարգը, որն ի հայտ է եկել վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության օրակարգը», - ասաց Գրիգորյանը:
Այցի նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն է նամակ հղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ հորդորելով Բաքվում գտնվելու ժամանակ բարձրացնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը: Նույն խնդրանքով 2 տասնյակ հայաստանյան հասարակական կազմակերպություններն էլ բաց նամակով էին դիմել փոխնախագահին:
«Պարզ է, որ այս թեման ամենացավոտ թեմաներից մեկն է հայ-ադրբեջանական օրակարգում և Միացյալ Նահանգների հետ էլ այս խնդիրը կոմունիկացվել է: Այս փուլում ես այս այցը դիտարկում եմ ավելի շատ այս տրանսակցիոն գործարքային տրամաբանության մեջ ու միգուցե գերիների հարցը հենց այս տրամաբանության պատճառով կարող է երկրորդ պլան մղվել», - նշեց քաղաքագետը:
Մինչ պաշտոնապես չի հաղորդվում Վենսի այցի որևէ մանրամասն, Երևանի Հանրապետության հրապարակում արդեն մի քանի օր է նաև պետական համարանիշներով տասնյակ միկրոավտոբուսներ ու ավտոմեքենաներ են կայանված, վարորդները պնդում են՝ ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ են այնտեղ:
Ըստ տեղեկությունների՝ Ջեյ Դի Վենսը երևանյան մեկ գիշերը «Մարիոթ» հյուրանոցում կանցկացնի: Հյուրանոցից «Ազատությանը» հրաժարվեցին հաստատել՝ պնդելով՝ «ոչ մի հյուրի մասին իրենք իրավասու չեն տեղեկություն տալ»: