ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, որպեսզի այն դեմ արտահայտվի ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնությանը։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի հրապարակված Ջո Ռոգանի հետ փոդքաստի ընթացքում։
«Ես գիտեմ՝ առանց որևէ կասկածի, որ Իսրայելի կառավարության ներսում եղել են մարդիկ, ովքեր փորձում են, այսպես ասած, մեզ շեղել այդ քաղաքականությունից, քանի որ նրանք ցանկանում են շարունակել ռազմական արշավը», - ասել է Վենսը։
Փոխնախագահը նշել է, որ թեև Իսրայելի կառավարության որոշ անդամների հետ ինքը «լավ հարաբերություններ» ունի, բայց «համակարգում կան մարդիկ, որոնց մասին մենք առանց որևէ կասկածի գիտենք, որ փորձում են ազդել և փոխել ամերիկյան հասարակական կարծիքը՝ պատերազմն անորոշ ժամանակով շարունակելու նպատակով»։
Վենսն ասել է, որ բազմաթիվ երկրներ, դաշնակիցներ, հակառակորդներ, փորձում են ազդել ամերիկյան քաղաքականության վրա, և նշել է. «Ինձ չի անհանգստացնում, որ Իսրայելը փորձում է դա անել, անկեղծ ասած՝ ինձ նույնիսկ չի անհանգստացնում, որ Ռուսաստանը կամ որոշ այլ երկրներ են դա անում»։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագրի պայմանները վատ էին Իսրայելի համար, քանի որ դրանք չէին անդրադառնում Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի հետ կապված մտահոգություններին։ Նրանց խոսքով՝ այս տեսակետը կիսում է Իսրայելի ղեկավարությունը։
ԱՄՆ փոխնախագահը շեշտել է. «Կարծում եմ՝ նախագահը, անկախ Իսրայելի որևէ ազդեցությունից, խորապես համոզված է, և ես նույնպես համաձայն եմ նրա հետ, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»:
Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռևս չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։