Վաշինգտոնը հույս ունի առաջիկա ամիսներին բեկում արձանագրել Անկարայի հետ բանակցություններում՝ հնարավորություն տալով Թուրքիային վերստին միանալ F-35 կործանիչների ծրագրին, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:
Վաշինգտոնը Անկարային դուրս էր թողել այդ ծրագրից և պատժամիջոցներ սահմանել 2020 թվականին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնեց։
Վերստին ընդգծելով, որ ըստ ԱՄՆ օրենսդրության Թուրքիան չի կարող վերադառնալ F-35-երի ծրագրին, եթե շահագործի կամ իր տիրապետության ներքո պահի ռուսական համակարգը, Բարաքը միաժամանակ հավելել է՝ նախագահ Թրամփի և Էրդողանի միջև հարաբերությունները ստեղծել են համագործակցության նոր մթնոլորտ, որը հանգեցրել է «այս թեմայի շուրջ վերջին տասնամյակի ընթացքում ամենաարդյունավետ զրույցներին»։
«Մեր հույսն այն է, որ այս բանակցություններն առաջիկա ամիսներին կհանգեցնեն առաջընթացի, որը կբավարարի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի անվտանգության պահանջները», - ասել է ամերիկացի դիվանագետը։