Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։
«Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,-այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները բացահայտում են վերջին իրադարձությունների շարժիչ գործոնները»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
Թրամփի հայտարարություններին անդրադարձել է նաև Պաշտպանության խորհրդում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Ալի Շամխանին։ «Մենք կկտրենք ցանկացած ձեռք, որ կփորձի այս կամ այն պատրվակով խաթարել Իրանի անվտանգությունը»,- նշել է Շամխանին։
Նրա խոսքով՝ իրանցի ժողովուրդն ամերիկյան «փրկության» գինը լավ գիտի։
«Դրա ամենավառ վկայություններն են Իրաքում, Աֆղանստանում, Գազայում տեղի ունեցած իրադարձությունները», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն աջակցություն է հայտնել Իրանում ցուցարարներին