Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, դեկտեմբեր, 2025թ.

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնից բանտ տեղափոխվեց։

Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղուկասյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ու դժգոհում, որ քրեակատարողական հիմնարկում նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում։

Այսօր պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ղուկասյանին ու կրկին ահազանգում է, որ «Երևան-կենտրոն» ՔԿՀ տեղափոխելուց հետո Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակը վատթարացել է։ Փաստաբանն իր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո շտապ բուժօգնություն է կանչել, սակայն բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել է։

Զարուհի Փոստանջյանը «Հանցանքների մասին հաղորդում» է ներկայացրել Դատախազություն՝ պահանջելով հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ և հանրային քրեական հետապնդմամբ պատասխանատվության կանչել արդարադատության ու առողջապահության նախարարներին, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին, «Երևան–Կենտրոն» ՔԿՀ պետին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին։ Հաղորդման օրինակը փաստաբանը հասցեագրել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերին դադարեցրեց բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ վարույթներից մեկը, որը հարուցվել էր պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի հոդվածով: Վարդան Ղուկասյանը շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով: Նրա կալանքի ժամկետը մեկ ամիս առաջ երկարաձգվել է երեք ամսով:

Գյումրիի քաղաքապետը պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական պատվերով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանը բանտից հիվանդանոց է տեղափոխվելՎարդան Ղուկասյանի փաստաբանը կրկին պնդում է՝ իր պաշտպանյալի «անձը թիրախավորված է»Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ հոդվածով դադարեցվել էԸստ Վարդան Ղուկասյանի՝ եթե իրեն են դատում, մեղադրյալի աթոռին շատ պաշտոնյաներ պիտի լինեն«Քաղաքական պատվեր է». Վարդան Ղուկասյանը ևս երեք ամիս կմնա բանտում