Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել: Այժմ այդ փորձաքննությունն է անցկացվելու:
Պաշտպանական կողմը բազմիցս է ահազանգել, որ 64-ամյա Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Փորձաքննության եզրակացությամբ կտրվեն նաև այդ հարցերի պատասխանները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանի փաստաբանը կրկին պնդում է՝ իր պաշտպանյալի «անձը թիրախավորված է»Վարդան Ղուկասյանին նախորդ տավրա նոյեմբերին Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ևս մեկ անգամ տեղափոխել էին հիվանդանոց, նրա փաստաբանը հայտարարել էր՝ Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերին դադարեցրեց բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ վարույթներից մեկը, որը հարուցվել էր պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի հոդվածով: Ղուկասյանը շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով: Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: