Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 7 ամիս բանտում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը վերջերս կրկին երկու ամսով երկարաձգվել է, իսկ երեկ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը փոխարինվեց եռամսյա բանտային կալանքով:
Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը պնդում է՝ իրեն չեն ծանուցել, որ դատարանը քննելու է կրտսեր Ղուկասյանի խափանման միջոցի հարցը: Ավելին, նրա խոսքով՝ տնային կալանքի ժամկետը դեռ չէր էլ լրացել: Ասաց՝ չգիտի, թե ինչու բանտ տեղափոխեցին իր պաշտպանյալին, քանի որ զրկված է եղել դատական նիստին մասնակցելու հնարավորությունից:
«Հրատապությունը, ըստ էության, չգիտեմ ինչում էր կայանում, բայց, ամեն դեպքում, փաստական տվյալներ են ոնց որ ձեռք բերել, որ ինչ-որ խափանման միջոցի պայման է խախտել՝ տնային կալանքի: Ընդամենը դա էր նշված, այլ հանգամանք, փաստական տվյալ էս պահին մեզ հայտնի չէ: Քանի որ ծանուցումը չէինք ստացել, ինձ դատարանի կազմից տեղեկացրին, որ նման հանգամանք կա, ավելի ուշ իմացան, որ նիստը կայացել է մեր բացակայությամբ, և նման որոշում է կայացվել», - «Ազատությանը» փոխանցեց Ղարաքեշիշյանը՝ հավելելով. - «Չենք մասնակցել, փաստական տվյալներից տեղյակ չենք, ընդամենը նշեցի այն, ինչ էս պահին գիտենք»:
Սպարտակ Ղուկասյանը մի քանի քրեական վարույթով է անցնում: Տնային կալանքի տակ էր ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար, որը խուլիգանություն էր որակվել: Այս գործով հայրն էլ է անցնում:
Իսկ այսօր Հակակոռուպցոն դատարանը քննում էր Վարդան Ղուկայանին վերագրվող հիմնական՝ կոռուպցիայի մեղադրանքը:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքերը Ղուկասյանի մյուս փաստաբան Զարուհի Փոստանջյանի հասցեին: Վարչապետը վերջերս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ էր նկատել Փոստանջյանին ու ամոթանք տվել. - «Գետինը մտնես, դու ո՞վ ես ընդհանրապես, էժան, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի»:
Հայրապետյանը պնդեց՝ խախտվել է արդար դատաքննության իրավունքը:
«Պաշտպանության կողմի մոտ առաջացնում է օբյեկտիվ և ողջամիտ մտահոգություններ, որ գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի հրապարակային գնահատականները կարող են ազդել ոչ միայն կանխակալության հանրային ընկալման, այլ նաև արդար դատաքննության արտաքին երաշխիքների վրա», - հայտարարեց փաստաբանը:
Փաստաբանական թիմը նաև պարբերաբար պնդում է, թե մի շարք առողջական խնդիրներ ունեցող Ղուկասյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում բանտում: Մոտ երկու ամիս առաջ դատարանը կրկնակի բուժզննության ենթարկեց Ղուկասյանին: Հովհաննես Ղարաքեշիշյանն ասաց՝ բժիշկները կրկին թվարկել են Ղուկասյանի հիվանդությունները և եզրակացրել, որ դրանք պատժի կրման հետ անհամատեղելի չեն: Բժշկական եզրակացությունը բողոքարկելու են:
Այսօրվա դատական նիստից հետո լրագրողները փորձեցին նաև Ղուկասյանի կարծիքը լսել Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի հայտարարության մասին: Փաշինյանն օրերս Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե ընտրություններից հետո պետք է Հայաստանի երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ նախաձեռնել: Ուղեկցող ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին պատասխանել ու հրելով Ղուկասյանին դահլիճից դուրս բերեցին: Այդ պահին լարվեց իրավիճակը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ ամիս: