Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
ՀՀ կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ նախագահը և վարչապետը քննարկել են Հայաստանի և Եվրախորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։
Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։
ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ֆրանսիա - ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ստրասբուրգ, 29-ը սեպտեմբերի, 2025թ.
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը նշել է, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր, և կարևորել է կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։
Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։