Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգները չի ճանաչում: Նախագահ Թրամփը մինչև ընտրությունն էր զգուշացրել, որ սպանված Ալի Խամենեիին չի կարող փոխարինել նրա որդին, իսկ Իսրայելը սպառնացել է թիրախավորել նաև Մոջթաբա Խամենեիին:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», - գրել է վարչապետը:
Այսօր ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական՝ պատերազմի մեկնարկից ի վեր Անվտանգության խորհրդի արդեն երրորդ նիստն էր գումարել՝ կրկին հրավիրված պաշտոնյաների մասնակցությամբ: Պաշտոնական հաղորդագրությունում, առանց մանրամասների, միայն նշվում է, որ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, վարչապետին զեկուցվել է տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անվտանգության խորհրդի երրորդ նիստը՝ Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնինՆախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում և Մերձավոր ԱրևելքումԱրձագանքելով քննադատությանը, թե տարածաշրջանը եռում է, իսկ ինքը քարոզարշավի է գնում մարզեր, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեռ մեկուկես տարի առաջ է աշխատանքային խումբ ձևավորվել Անվտանգության խորհրդի համակարգմամբ:
«Այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամենամսյա ռեժիմով աշխատում է: Ես որ ասում եմ՝ դրա համար եմ պեռաշկի ուտում, հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք», - նշեց Փաշինյանը:
Քոչարյանը Փաշինյանին մեղադրել է ՀՀ սահմանին առաջացած սպառնալիքին համարժեք չարձագանքելու համար. ՔՊ-ից արձագանքում են
Բայց այս բացատրությունը դեռ չի բավարարել ընդդիմությանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքի պատգամավորների հետ զրույցում Փաշինյանին մեղադրել է Հայաստանի սահմանին առաջացած գոյաբանական սպառնալիքին համարժեք չարձագանքելու համար:
«Լրջագույն պրոբլեմ է: Լուծումը՝ Իրանի հետ.... և՛ նախաձեռնել, և՛ փորձել քայլեր ձեռնարկել ոչ թե պեռաշկի ուտելով, այլ անել ամեն ինչ նաև որպես հարևան երկիր, պատերազմն օր առաջ կանգնեցնելու: Ի՞նչ է արվում, փորձե՞լ են զանգել, առաջարկներ տալ: Մենք հարևան երկիր ենք, պետք է դիրքորոշում որդեգրենք, թե չէ: Պետք է փորձենք նաև եվրոպացիների, Միացյալ Նահանգների հետ մեր ձայնը լսեցնել տալ ու ասել՝ ստոպ, էս ո՞ւր եք տանում», - նշել է երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը բերում էր Քուվեյթի, Կատարի օրինակները, թե ինչպես է պետք ջանքեր գործադրել:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը տարակուսանքով է պատասխանել. «Ուրեմն հանդիպում են մի անգամ Հայաստանը, Կատարն ու Քուվեյթը։ Դե, զրուցում են դեսից֊դենից, խոսքը հասնում է Իրանում պատերազմին։ Հայաստանն ասում է՝ Քաթար ու Քուվեյթ, ես ձեզնից տարածքով մեծ եմ, հեսա «եվրոպացիների ու ԱՄՆ֊ի հետ իմ ձայնը լսեցնել կտամ ու կասեմ ՍՏՈՊ, էս ու՞ր եք տանում»։ Քաթարն ու Քուվեյթը շվարած իրար են նայում ու զանգում Բահրեյնին, որ պատմեն էս խոսակցությունը։ Վերջ։ Վերևից երեք խնձոր չի ընկնելու, որովհետև սա հեքիաթ չէր, ոչ էլ անեկդոտ, այլ` իրական առաջարկ Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց»:
Ռոբերտ Քոչարյանը նաև պնդում էր, որ եթե «Թրամփի ուղին» արդեն գործեր, ապա դառնալու էր Իրանի դեմ օջախ. «Չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահերը այստեղ, հիմնական հետաքրքրությունը Իրանի սահմանն է: Քանի ռազմաբազա կա, որոնք պարզվեց, որ ուղղված էին հենց Իրանի դեմ, ես չեմ կասկածում, որ TRIPP-ի 74 տոկոսի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավականին լուրջ նաև հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ»:
«Քաղաքացիական պայմանագրից» մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը դեռ պատերազմի մեկնարկին էր հակադարձել երկրորդ նախագահին, երբ քննադատություն էր հնչում, թե Երևանը երեք օր ուշացումով ցավակցեց Թեհրանին. «Սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ռազմական դաշինք կապի որպես այդպիսին: Հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի՞ ՀՀ կառավարությունը չի ցավակցում: Ամբողջ աշխարհը, պատկերացրեք էլի, ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են ՀՀ իշխանությունը հենց դատապարտի, մի բան ասի՝ միանգամից պտտվելու են հետ գնան»:
Ի դեպ, չնայած Նախիջևանին հասցված օդային հարվածների պատճառով Թեհրան-Բաքու լարվածությանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս այսօր շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին, նաև այցելել Իրանի դեսպանատուն ու ցավակցել Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ: Մոջթաբա Խամենեիին շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահը: