«2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին իր ելույթում:
«Հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց Խաղաղության խաչմերուկ դարձնելը՝ ներառյալ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունն ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են», - ասաց Փաշինյանը:
«Խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, և այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։
Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում և այսօր, մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր», - նշեց վարչապետը:
«Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է․ բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։
Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։
Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Այսօրվա զորահանդես–հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա, և ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։
Զորահանդես–հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում»։
2022 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, «և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ», - ասաց վարչապետը, - «Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց–բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ»։
«Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են», - նշեց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ընդգծեց վարչապետը:
«Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը Կառավարությունն ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը: