Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել թիվ 22 ԸԸՀ հայցն ընդդեմ Սպիտակի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի:
Ընտրական հանձնաժողովը դատարանից պահանջում է չեղարկել ավագանու թեկնածուի գրանցումը՝ թույլ տված խախտումները առաջ քաշելով:
Անցած շաբաթավերջին էր հանձնաժողովը որոշել, որ համայնքապետը խախտել է ընտրական օրենքը թեկնածուների գրանցման վերջին օրը իր տեղակալին ու երեք վարչական ղեկավարների աշխատանքից հեռացնելով՝ գործող համայնքապետը հոգեբանական ճնշում է գործադրել և փորձել ընտրություններից առաջ անհավասար առավելություն ստանալ։
Ինքը՝ ՔՊ-ական թեկնածուն, ԸԸՀ որոշման հաջորդ օրը ընտրողների հետ հանդիպմանն իր նկատմամբ սկսված իրավական գործընթացը կեղծիք, այդ մասին լուրերը՝ չինական «ֆեյք» էր որակել։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն իր հերթին վստահ էր, թե իրենց թեկնածուի գրանցումը չեղարկելու հայցը դատարանում դատապարտված է ձախողման, ու նշել էր, որ որոշումը բողոքարկելու են: Մինչդեռ Քաջայր Նիկողոսյանն այդպես էլ չի բողոքարկել ԸԸՀ որոշումը, չի դիմել դատարան:
Փոխարենը «Քաղաքացիական պայմանագիրը» Քաջայր Նիկողոսյանի մասնակցությամբ այսօր էլ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում Սպիտակում: Լոռու մարզպետը այսօր երեկոյան տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկողոսյանի հետ տնետուն են մտնում ու շփվում ընտրողների հետ:
Թե ինչո՞ւ այդպես էլ չբողոքարկեցին Նիկողոսյանի թեկնածության գրանցումը չեղարկելու մասին ԸԸՀ որոշումը, արդյոք իրենց հիմնավորումները դատարանում կներկայացնե՞ն հենց նոյեմբերի 19-ին՝ ԸԸՀ հայցը քննարկելիս, դեռ հայտնի չէ:
Ընտրատարածքայինի որոշումից ժամեր անց թիմակիցների խուճապը փորձել էին մարել ներկուսակցական փակ նամակագրությամբ, որը հայտնվել էր ՔՊ-ականներից մեկի ֆեյսբուքյան էջի սթորիների բաժնում: Պատգամավոր Լուսինե Ավետիսյանը թիմակիցներին հորդորել էր խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ «ամեն ինչ վերահսկվում է»։