Վանաձորում «Վեոլիա Ջուր» ընկերության տուգանքների հերթական ալիքը կրկին բողոք է բարձրացրել: Սխեման նույնն է, տուգանքի չափը՝ նույնպես:
Վանաձորցի Հասմիկ Սաքանյանի տնտեսական իրերի փոքրիկ խանութում ընկերության աշխատակիցները փոխել են 20 տարվա ջրաչափը: Թեև տեղում որևէ խախտում չեն արձանագրել, բայց լաբորատոր ստուգումից հետո բաժանորդին անակնկալի են բերել՝ 310 հազար դրամի տուգանքով: Տուգանքի հիմնավորումը ջրագողությունն է՝ կապարակնիքի կեղծման և ջրաչափի ներքին միջամտության միջոցով:
«Ասում է՝ «կնիքներին ձեռք տված է, զոդված է ջրաչափը», ու ես անակնկալի եկա, այսքան մեծ գումար», - նշեց նա:
Բաժանորդը տուգանքն անհիմն է համարում ու հրաժարվում վճարել: Նա արդեն հասցրել է դիմել բոլոր հնարավոր պետական կառույցներին, սակայն հուսադրող պատասխան չկա: «Վեոլիայի» դիրքորոշումն անդրդվելի է. իրենք պատասխանատու չեն նախորդ օպերատորի՝ «Հայջրմուղկոյուղու» թողած սխալների կամ ժառանգության համար:
«Իրանք բերել են ջրաչափը դրել, «Լոռի ջրմուղկոյուղն» է դրել, ու մենք տեղյակ չենք մեջը ինչ կա, իրենք դրել են, կնիքը նորմալ է, իրենք եկել են փոխելու 10 տարի հետո ու էս խնդրի առաջ ենք: Ասում են՝ «ջրաչափի մեջ զոդված է», ասում եմ՝ ես ի՞նչ անեմ, համապատասխան մարմիններից պահանջեք՝ ով է արել, ասում է՝ «մենք նրանց հետ կապ չունենք», - ներկայացրեց Հասմիկ Սաքանյանը:
Փաստաբան Մերի Կարապետյանի սեղանին «Վեոլիայի» դեմ տասնյակ դատական գործեր են: Պատկերը նույնական է. ջրաչափը փոխվում է, հին սարքի վրա քերծվածքներ կամ կնիքի անհամապատասխանություն հայտնաբերվում, և բնակիչը հայտնվում է խոշոր տուգանքի տակ:
«Այստեղ ի՞նչն է խնդրահարույց, որ բոլոր եզրակացությունները գրեթե նույնական են ու նույն փորձագիտական մարմնի կողմից են իրականացվում: Մեծամասամբ դեպքերում նշվում է, որ կնիքը չի համապատասխանում ձևին ու կնիքը կեղծված է», - ասաց փաստաբանը:
Բայց ո՛չ դատարանում, ո՛չ հարցումների միջոցով փաստաբանին այդպես էլ չի հաջողվել պարզել՝ ո՞րն է այդ օրինակելի կնիքի ձևը, որին չեն համապատասխանում բնակիչների ջրաչափերը:
«Մենք պահանջեցինք «Լոռի ջրմուղկոյուղու» ժամանակ կապարակնիքների փաթեթը, առկա փաստաթղթերը, արձանագրություն և այլն, նշեցին, որ իրենց մոտ առկա չէ, այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե նախնական կնիքի ձևն իրենք պատկերացում չունեն ինչպիսին է կամ դրա վերաբերյալ հիմնավորող ապացույցներ ու թղթեր չկան, ինչպե՞ս են նշել, որ չի համապատասխանում ձևին», - նշեց Մերի Կարապետյանը:
«Ազատությունը» դեռ երկու տարի առաջ էր անդրադարձել նմանատիպ պատմությունների: Այն ժամանակ ևս բաժանորդներին տուգանել էին նույնչափ, անգամ զրկել ջրից: Միայն հանրային աղմուկից հետո ընկերությունը նահանջեց ու չեղարկեց պարտքերը: Այդ ժամանակ «Վեոլիան» պատճառաբանել էր, թե խախտումները պարզվում են միայն լաբորատորիայում, իսկ բաժանորդները կարող են միջամտել սարքի աշխատանքին, քանի որ ջրաչափերը փակի տակ չեն:
Թե ինչո՞ւ «Վեոլիան», ստանձնելով ջրամատակարարման պատասխանատվությունը, տարիներ շարունակ մասսայաբար չի փոխել հին ջրաչափերը կամ ինչո՞ւ է բաժանորդը պատասխան տալիս 20 տարվա սարքի կասկածելի կնիքի համար՝ հարցերն այդպես էլ մնում են օդից կախված: