Այսօր Վանաձորի համայնքապետարանի նախկին ու ներկա յոթ պաշտոնյա ու ևս երեք անձ է ձերբակալվել՝ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության մեղադրանքներով: Գործողությունը Հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացրել:
Քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները Առևտրի, սպասարկման, եկամուտների հավաքագրման, ինչպես նաև համատիրությունների աշխատանքը համակարգող բաժիններից են: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը պնդեց, թե քիչ բան գիտի գործից:
«2023 թվականին հարուցված գործի վերաբերյալ է եղել այս այցը, ինչքան տեղյակ եմ, վկայության համար են կանչել բերման ենթարկվածներին», - ասաց նա:
Ձերբակալվածներից մեկը եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նրա ղեկավարած բաժին նաև երկու տարի առաջ էին մտել ու խուզարկություն արել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյանԱյվազյանին ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ հարուցել: «Ազատության» տեղեկություններով՝ այն ժամանակ քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործարքներին: Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:
Այվազյանը մեկ ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին: Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել: Դրանից հետո իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին հենց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին նշանակեց: Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին: Չխոսեցին նաև նրա ղեկավարած բաժնի աշխատակիցները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան ազատ արձակվեցԱրդո՞ք այսօրվա ձերբակալությունները Լիլիթ Հովսեփյանի ամուսնուն՝ Արմեն Այվազյանին վերաբերող հին գործին են առնչվում, թե՞ կաշառքի նոր դեպքեր են: Հակակոռուպցիոնից դեռևս չեն պարզաբանում: Այվազյանը դեռ անցած տարի պնդում էր, թե իր դեմ հարուցված քրեական գործն անհիմն է ու կեղծ. «Մարմիններն, ովքեր ուսումնասիրում եմ իմ գործը, ըստ իրենց՝ պարզել են, որ 2.5 տարի առաջ նկարահանված տեսաձայնագրության մեջ ի հայտ է եկել կաշառքի հնարավոր դեպք, որն ինձ հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող, և մեղադրանքի մեջ գրված է չպարզված գումարի կաշառք»:
Այսօր համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի աշխատասենյակում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ էին: Մեր այցելության պահին նրա աշխատասենյակ մտավ Վանաձորի ավագանու ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, որ չնայած իր թիմակիցների բոյկոտին, մասնակցում է ավագանու արտահերթ նիստերին, որոնք տեղի են ունենում իշխանականների նախաձեռնություններով:
Վանաձորում ժամանակավոր կառավարում է 2021 թվականից, երբ տեղական ընտրություններից հետո ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց: ԱԺ-ում օրենքի փոփոխություններով վարչապետն իրավունք ստացավ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Դրանից հետո համայնքապետարանի տարբեր աշխատակիցներ տարբեր մեղադրանքներով դատապարտվել կամ դեռ քրեական հետապնդման տակ են, մինչդեռ իրավապահների մեղադրանքները երբևէ չեն առնչվել վարչապետի նշանակած Արկադի Փելեշյանին, որ գրեթե 4 տարի ղեկավարում է համայնքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիսատ-պռատ է գործում. ՀԿ-ն դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վաղաժամկետ ցրել Վանաձորի ավագանինՆա դրանից առաջ էլ ևս չորս տարի նախկին քաղաքապետ, կոռուպցիոն մեղադրանքներով բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր: