Վանաձորում խոստանում են մանկապարտեզները անվճար դարձնել, սակայն հավելյալ դրամահավաքները «դեռ մնում են»

Վանաձոր, արխիվ

Վանաձորի ժամանակավոր ղեկավարությունը խոստանում է՝ այս տարի մանկապարտեզներն անվճար կդառնան։ Թեև սա ներկայացվում է որպես կայացած փաստ, բայց իրականությունն անորոշ է․ քաղաքի ավագանին նիստեր չի գումարում, իսկ որոշման ընդունման համար անհրաժեշտ քվորումն ապահովելու հույսերը մշուշոտ են։

Արդյո՞ք 5 հազար դրամ ամսավճարը չեղարկելու խոստումը նախընտրական հնարք չէ՝ վանաձորցիների սիրտը շահելու համար. ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նոնա Հովհաննիսյանը հակադարձում է՝ սա հասունացած խնդրի լուծում է և ոչ թե քաղաքական քայլ։

«Ո՛չ, դա որևէ կապ չունի որևէ նախընտրական գործընթացի հետ, այլ դա վաղուց հասունացած պահանջ է համայնքում։ Անհրաժեշտ է լրացուցիչ երաշխավորություն տալ ծնողներին և մեղմել այն սոցիալական բեռը, որն ընկնում է հատկապես այն ծնողների վրա, ովքեր բազմազավակ են և մեկից ավելի երեխաներ ունեն մանկապարտեզ հաճախող», - ասաց նա:

Այն դեպքում, երբ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների համար արտոնություններ են սահմանված, բայց քաղաքապետարանը խոսում է վարձավճարը չեղարկելու մասին, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի հարցումները ցույց են տալիս, որ Վանաձորի 23 մանկապարտեզների հիմնական մասում 5 հազար դրամ վարձավճարից բացի, այլ գումարներ էլ են հավաքվում: Ծնողների միայն 10 տոկոսն է պնդում, որ բացի սահմանված վարձավճարից, այլ գումար չի վճարում։ Հարցվածների կեսը խոստովանել է՝ տարեկան 1-2 անգամ հավելյալ դրամահավաքներ են լինում, իսկ 30 տոկոսի պնդմամբ՝ փող են հավաքում տարեկան մինչև 6 անգամ։

Համայնքապետարանի կրթության բաժնի պետ Քրիստինե Մադոյանը հերքում է համակարգված դրամահավաքի պնդումը։ Ըստ պաշտոնյայի՝ արդեն երեք տարի է՝ ծնողներից գումար չի պահանջվում, իսկ եթե նման դեպքեր լինում են, ապա դա զուտ ծնողների կամավոր նախաձեռնությունն է. «Ամենայն անկեղծությամբ ես կարող եմ հավաստիացնել, որ գրեթե մեկ դրամ չի հավաքվել ծնողական խորհրդից, որը կտրամադրվի տվյալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի համար, անկողնային պարագայի համար»։

«Ես իմ անձնական օրինակով գիտեմ, թե ինչպես են ծնողները ինքնակազմակերպվում ու փող հավաքում։ Մեկը նվերի համար, մեկը ուզում է ավելի լավ կարիքի համար, մեկ ուրիշի համար։ Սա վատ է, պիտի բացատրել իրենց», - «Ազատության» հետ զրույցում նկատեց կրթության փորձագետ Վահրամ Թոքմաջյանը:

Լուծումն ավելի թափանցիկ լինելու մեջ է, ասում են «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ փորձագետներն ու առաջարկում ստեղծել բաց հարթակ, որտեղ ծնողները կտեսնեն յուրաքանչյուր լումայի շարժը։

«Եթե անգամ հավաքվում է, այդ միջոցների թափանցիկ կառավարելիության մասին է։ Հիմա շատ լավ, համայնքը տալիս է լիքը բան, կարող է դուք նախատեսել եք 50 հատ խաղալիք այդ տոնածառի վրա։ Իրենք ուզում են 70 հատ։ Թող հավաքեն այդ 20 հատի փողը, թող մարդը այդ 500 դրամը հավաքեն, բայց դուք՝ համայնքը այս դեպքում, շահառուն, արտաքին գնահատողը տեսնի՝ ինչի համար է այդ գումարը հավաքվել», - ասաց Թոքմաջյանը։

Կրթության փորձագետը շեշտեց՝ համակարգն արդյունավետ կդառնա միայն այն դեպքում, երբ տնօրենից մինչև շարքային աշխատող գործի ընդունվեն բացառապես արժանիքների հիման վրա առանց հովանավորչության. «Եթե հովանավորչությունը դուրս է գալիս, կառավարման արդյունավետությունը կրկնակի ավելանում է։ Եվ սա խնդիր է, որի դեմ մենք դեռ չենք կարողանում համապարփակ պայքարել»։

Մինչ իշխանությունները կենտրոնացած են 5 հազար դրամը չեղարկելու վրա, ծնողներն այլ առաջնահերթություն են մատնանշում՝ բարձրացնել աշխատողների աշխատավարձը: Ծնողների կարծիքով՝ վարձավճարի չեղարկումից առավել կարևոր է արժանապատիվ վարձատրվող ու մոտիվացված մասնագետ ունենալը։

Վանաձորի մանկապարտեզներում անգամ տնօրենի աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը, ուստի անձնակազմը դեռևս զրկված է նաև առողջապահական ապահովագրությունից։