Վանաձորի Թումանյան հրապարակը՝ շատրվանների խոստումների և դատական վեճի միջև

Մինչ Վանաձորում քաղաքային ու մարզային իշխանությունները հայտարարում են, թե Թումանյան հրապարակում շուտով շատրվաններն են երգելու, հրապարակի կենտրոնում դեռ գովազդային վահանակներն են խոսում:

Հրապարակն այսօր ընդամենը խոտածածկ օղակաձև խաչմերուկ է, որի առանցքում ՔՊ-ական «սրտիկն» է՝ խաղաղության ու անվճար առողջապահության մասին կարգախոսներով։ Իշխանություններն ակտիվորեն հայտարարում են՝ մոտ կես միլիարդ են ծախսելու հարակից փողոցները գետնանցումներով հրապարակին միացնելու, լուսաձայնային շատրվաններ տեղադրելու, գերժամանակակից պուրակ կառուցելու համար:

Օրերս քաղաքապետարանն անգամ նախագիծ հրապարակեց՝ գունեղ ու տպավորիչ կադրերով: Բայց այս ծրագրի մասին խոստումները հնչում են դատական լուրջ վեճի ֆոնին։ Դեռ 2019-ից քաղաքապետարանը տարածքը 20 տարով վարձակալության է հանձնել «Եվրո ստուդիո» ընկերությանը։ Երբ անցած տարի համայնքը որոշել է միակողմանի խզել պայմանագիրն ու ապամոնտաժել վահանակները, ընկերությունը դիմել է դատարան։ Արդյունքում, դեռ նախորդ նոյեմբերին Վարչական դատարանն արգելանք է դրել տարածքի վրա՝ քաղաքապետարանին արգելելով որևէ գործողություն կատարել այնտեղ, քանի դեռ վեճը չի լուծվել։

Ստացվում է՝ իշխանությունները բարեկարգման խոստումներ են տալիս մի հողակտորի վերաբերյալ, որն իրավական կալանքի տակ է։

Ուշագրավ է, որ համայնքապետարանը տարիներ շարունակ անխափան թույլտվություններ է տվել այս ընկերությանը, բայց դատական հայցից ընդամենը օրեր անց վարչական վարույթ է հարուցել նրա դեմ՝ քարե սյուների օրինականությունը կասկածի տակ դնելով։ Հետո վարչական վարույթը կասեցրել է՝ դատական գործընթացով պայմանավորված:

Վարչական դատարանում այս գործով առաջին դատական նիստը նշանակված է միայն հունիսին, ինչը տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանին հիմք է տալիս կասկածելու՝ արդյո՞ք շատրվաններն այս տարի իրականություն կդառնան։

«Այստեղ ակնհայտորեն ի հայտ է գալիս կասկած, որ սուբվենցիոն այս ծրագիրը, ինչպես մնացած դեպքերում տարեկան պլանի հաշվետվության ժամանակ գրվում է՝ տեղափոխվել է կամ չի իրականացվել, ըստ երևույթին, նույնը կտեսնենք օրինակ՝ 26 թվականի վերջին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Թեև քաղաքապետարանն այս իրավիճակը համարում է «հաղթահարելի խոչընդոտ», «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ չտրամադրեցին վարձակալության պայմանագրերը՝ հղում անելով տվյալների գաղտնիությանը, թեև խոսքը համայնքային ենթակայության տարածքի մասին է։

«Պայմանագրերը չեն կարող տրամադրվել, դրանք պարունակում են անձնական տվյալներ և ենթակա են սահմանափակման: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով բոլոր խոչընդոտ հանդիսացող երևույթները համայնքը կհաղթահարի օրենքով սահմանված կարգով», - նշել են քաղաքապետարանից:

Մինչ իրավական քաշքշուկներում լուծումներ են փնտրվում, Վանաձորի Թումանյան հրապարակի կենտրոնում գովազդային բովանդակությունը թարմացվել է։ Չնայած արտաքին գովազդ տեղադրելու վերջին թույլտվության ժամկետը լրացել է մարտին, այստեղ օրերս է հայտնվել իշխող կուսակցության նախընտրական շեշտադրումներով պաստառը։

«Շատ տարօրինակ ձևով հայտնվում է իշխող կուսակցության քաղաքական գովազդը, որը իրականում անհասկանալի է՝ կա ներքին պայմանավորվածություն, թե չկա, կա հակառակ գործողություն», - ասաց Գևորգ Քոթանջյանը:

Արդյո՞ք սա պատահականություն է, թե՞ քաղաքական պատվեր՝ կողմերը չեն պարզաբանում։ «Եվրո ստուդիո» ընկերությունը, որը, «Ազատության» տեղեկություններով, կապվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքի հետ և 2020-ին վարչապետի աշխատակազմից խոշոր պատվերներ է ստացել, մեր հարցերն անպատասխան թողեց։ «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցից նույնպես չպարզաբանեցին՝ խաղաղության, անվճար առողջապահական ապահովագրության ու իշխանականների թրենդ դարձած սրտիկի պատկերով եռակողմ վահանակի պատվեր տվե՞լ են «Եվրո ստուդիո»-ին, թե սա 20 տարվա վարձակալության պայմանագիրը կորցնելու վտանգի առաջ կանգնած ընկերության նախաձեռնությունն է: