Խոցելի մանկությունից՝ անապահով ապագա. Վանաձորի մանկատան շրջանավարտները նոր անորոշության առաջ են կանգնած

Վանաձորի մանկատան նախկին սաները կանգնած են պետության հատկացրած սոցիալական բնակարաններից զրկվելու վտանգի առաջ: Սպիտակի Վարպետաց թաղամասում 10 տարի անհատույց ապրող 8 ընտանիքները տեղի սոցիալական ծառայությունից իրենց համար անընդունելի պայմաններով առաջարկ են ստացել: Պահանջը կտրուկ է՝ մեկ ամսում չընդունելու դեպքում սպառնում են տներից վտարել ուժով:

Արմենուհի Ղուկասյանը Սպիտակի սոցիալական ծառայությունից վերադառնում էր ծանր տպավորություններով: Տարածքային կառույցի ղեկավարն անձամբ է ծանուցել, որ այլևս չեն համապատասխանում պետական կացարանից օգտվելու չափանիշներին. «Այսինքն՝ պետք է մենք ունենանք պարտադիր մահացած երեխա, հաշմանդամություն։ Դիմեցի կադաստր, կադաստրից եկավ, որ սա չի վաճառվում, պետության տուն է, սոցբնակարան է, ձեռքերն էլ լվացեք»։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, սակայն, հակադարձում են՝ բնակիչներին վռնդելու նպատակ չկա: Խնդիրը Կառավարության նոր որոշումն է՝ սոցիալական տներում ապրողների կարգավիճակը հստակեցնելու մասին, քանի որ նրանք ավելի քան երկու տարի բնակվում են առանց պայմանագրերի: Ընդ որում, հակադարձելով տեղի պաշտոնյաներին, ասաց, թե ամենևին էլ բնակիչներին պարտադրվող պայմանագրային կետեր չեն լինի:

Փոխնախարար Լուսինե Քոչարյանը վստահեցնում է նաև, որ մասնագետները տեղում կաշխատեն քաղաքացիների հետ, բնակարանի գնման վկայագրերի համար դիմելու ժամկետն էլ երկարաձգվել է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, ինչին տեղյակ չէին մանկատան նախկին սաները:

2014 թվականին, Վանաձորում 10 տարի վարձով ապրելուց հետո, Տիգրանուհի Պապիկյանն ու քույրն ընդունել են պետության առաջարկն ու տեղափոխվել Սպիտակ: Փաստաթղթերում բնակարանի սեփականաշնորհում, անգամ հետագայում, չեն ամրագրել, բայց նրանց բանավոր վստահեցրել են, որ պետությունը տարիներ անց կկատարի իր պարտավորությունը՝ մանկատան սաները պետությունից բնակարաններ կստանան: Այսօր արդեն կառավարության ներկայացուցիչներն այս մասին չեն խոսում:

«Գոնե թղթով լիներ, ասաց՝ «էս բնակարանը 10 տարի ապրելուց հետո նվիրատվություն կանենք ձեզ, մի անհանգստացեք», համոզելով, սիրուն խոսելով մեզ բերեցին: Հիմա շատ սիրուն, այդպես ակուրատնի էլ մեզ ասում են՝ ծանուցումը տվել եմ, բնակարանը ազատեք, լավ, ու՞ր գնամ», - ասաց Տիգրանուհի Պապիկյանը։

Պատմում են, որ 12 տարի առաջ Վարպետաց թաղամասը կտրված էր քաղաքից, տներն՝ անբարեկարգ: Ընտանիքներն իրենց ուժերով վերանորոգել են կացարանները, գույք ձեռքբերել ու ստեղծել իրենց անկյունը՝ համոզված լինելով, որ տներն ի վերջո իրենցն են դառնալու: Անգամ չեն դիմել պետական այլ աջակցությունների համար:

Մանկատան նախկին իրավաբան Կարինե Գասպարյանը, որ այսօր էլ իրավական հարցերում աջակցում է սաներին, արձանագրում է՝ երկու տարի առաջ նախարարությունից իրեն գրավոր պատասխանել են, որ այս տները պետք է նվիրաբերվեին դեռ 2022-ին, բայց ի հայտ եկած խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է: Հստակ չէ՝ ինչ խնդիրներ են ի հայտ եկել, բայց իրավաբանն անարդար է համարում, որ շրջանավարտների մի մասին պետությունն ապահովել է սեփական տներով, մյուս մասին թողնում է անորոշության մեջ:

Մանկության տարիներին ընտանեկան ջերմությունից ու ապահով միջավայրից զրկված մանկատան սաներն այժմ ստիպված են պայքարել սեփական կտուրը պահպանելու համար: Ժամանակին խոցելի մանկություն ապրած այս ծնողներն ասում են՝ այսօր նույն անապահովության ու անորոշության ստվերը տեսնում են արդեն իրենց երեխաների ապագայի վրա:


«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.