Վանաձորի քաղաքապետարանի շուրջ ծավալվող քրեական պատմությունը նոր ընթացք է ստացել․ երեկ ձերբակալված 10 անձինք, այդ թվում՝ նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, արդեն ազատության մեջ են՝ գրավի և բացակայելու արգելքի դիմաց։ Մեղադրանքները ծանր են՝ կաշառք, խարդախություն կատարել, դրան օժանդակել և խմբով պաշտոնեական լիազորությունների չարաշահում։
Դեռ 2023-ից հարուցված այս վարույթով մինչ օրս միակ մեղադրյալը համայնքապետարանի եկամուտների բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն էր, սակայն հիմա գործը համալրվել է նոր հանգամանքներով ու մեղադրյալների մեծ խմբով։
Երեկ արդեն երրո՛րդ անգամ ձերբակալված ու ազատ արձակված Արմեն Այվազյանը Հակակոռուպցիոնից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց իր և ընկերների ազատ արձակման մասին, բայց այսօր այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցերին։ Լռություն է նաև համայնքապետարանում։ Համատիրությունների բաժնի պետ Կարեն Իշխանյանը, ով 2023-ին համայնքապետի պաշտոնակատարի օգնականն էր, նույնիսկ հերքեց ձերբակալության փաստը՝ չնայած Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական տվյալներին։
«Սխալ տվյալներ են, տարբերեք բերման ենթարկելը, կալանավորելը, ձերբակալելը և մնացածը», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում կոռուպցիոն գործ․ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ պաշտոնյաներՄեղադրյալների թվում է նաև Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Վերջինս իր ներգրավվածությունը պայմանավորում է բացառապես Արմեն Այվազյանի հետ ունեցած քավոր-սանիկական կապով. «Ինձ բացի ձայնագրություններից (Արմեն Այվազյանի հետ), ուրիշ ոչ մի փաստական ապացույց չի ներկայացվել։ Ես ոչ մի ապացույց այնտեղ չտեսա, ես համաձայն չեմ էլի դրա հետ»:
Այս երկու գործիչների քաղաքական ուղիները սերտորեն կապված են եղել: Այվազյանն ու կինը նույն՝ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում էին և ժամանակի ընթացքում նրանք ուղղակի փոխանակեցին իրենց կարգավիճակները՝ Այվազյանը թողեց ավագանու մանդատը՝ անցնելով համայնքապետարանի պաշտոնին, ու նրա կինը ստացավ այդ մանդատը։
Հետագայում տեղի ունեցավ հակառակ փոխատեղումը՝ կինն անցավ ամուսնու զբաղեցրած պաշտոնին, իսկ Այվազյանը վերադարձրեց ավագանու մանդատը, որից, ի դեպ, վերջերս հրաժարվեց։
Թեև Ալավերդյանի պատասխանները կցկտուր են, նա իր քրեական հետապնդման ժամանակագրությունը պատահական չի համարում։ Այն համընկավ ավագանու վերջին նիստի հետ, որը մեկ տարվա բոյկոտից հետո կայացավ հենց Ալավերդյանի մասնակցության շնորհիվ։ Չնայած քվորումն ապահովվեց, սակայն նրա համար սկզբունքային համարվող հողակտորների վաճառքի ու ապօրինի շինությունների օրինականացման հարցերը այդպես էլ որոշում չդարձան։ Ավագանու անդամն ուղիղ կապ չի տեսնում, բայց դեպքերի հաջորդականությունը համարում է հատկանշական։
«Չգիտեմ, նիստեր, գիտեք, լարված նորից նիստ եմ հրավիրել, որոնք, ըստ մեզ, կարևոր հարցերը մնացին այդպես էլ օդում, այդքան էլ միանշանակ չէ, թե ում են հարմար, ում չեն հարմար այդ նիստերը: Բայց ակնհայտ է, որ հիմա, չգիտեմ ինչի, իմ անունը հայտնվեց այդ ցուցակում», - ասաց նա:
Այս պահին իրավապահներն այդպես էլ չեն բացահայտում՝ ինչ է հափշտակել պաշտոնյաների խումբը, ով ում է կաշառել ու ինչի համար: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը, որ այժմ ղեկավարում է մեղադրյալներից Արմեն Այվազյանի կինը, զբաղվում է հարկերի, տուրքերի ու վարձակալական վճարների հավաքագրմամբ: Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասում է՝ ըստ իրավապահների համայնքից հափշտակված գումարի չափը մոտ կես միլիոն դրամ է կազմում: