Վանաձորի ավագանին այդպես էլ չչեղարկեց երեքուկես տարի առաջ կայացրած որոշումը, որում կոռուպցիոն ռիսկեր էին տեսել թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, թե՛ Տարածքային կառավարման նախարարությունը։ Ավելին, շրջանցելով շահերի բախման մասին զգուշացումները՝ օրերս քաղաքապետի պաշտոնակատարն այդ նույն՝ վիճահարույց որոշման հիմքով ևս մեկ քայլ առաջ է գնացել ու շինարարության թույլտվություն տվել ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանի դստերը։
Գործարքի արմատները դեռ 2018-ից են, երբ Ղամբարյանի դուստրը սեփականաշնորհել է 630 քառակուսի մետր համայնքային հողատարածքը ուղղակի վաճառքով՝ 1 միլիոն 200 հազար դրամով։ Փաստացի, քաղաքի մուտքի մոտ գտնվող տարածքում քառակուսի մետրի դիմաց ավագանու անդամի դուստրը վճարել է 1900 դրամ։ Որոշումը ստորագրել էր համայնքապետի այն ժամանակվա տեղակալ Արկադի Փելեշյանը, որն ավելի ուշ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց վանաձորի ժամանակավոր քաղաքապետ և արդեն 4 տարի ղեկավարում է քաղաքը։
Ընդ որում, այդքանով Ղամբարյանների առուվաճառքը չէր սահմանափակվել։ 2022-ի վերջին, երբ տեղական ընտրություններից մեկ տարի անց իշխանություններին չէր հաջողվում քվորում ապահովել ու ավագանու նիստ գումարել, ընդդիմադիր Սեյրան Ղամբարյանը մեկ օր անակնկալ ներկայացավ նիստի։ Այդ օրվա օրակարգում՝ քաղաքի համար կենսական հարցերի՝ բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի կողքին ներառվել էր նաև նրա դստեր հողամասը էլ ավելի գրավիչ վայրում՝ Վանաձորի բուսաբանական այգուն հարակից, հանգստի գոտի համարվող տարածքով փոխանակելու հարցը։
Նիստերը բոյկոտող ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունից Սեյրան Ղամբարյանն ու նրա կուսակիցը ներկայացան դահլիճ, ապահովեցին քվորումը, իսկ ավագանին, այդ թվում՝ ինքը՝ Ղամբարյանը, միաձայն կողմ քվեարկեց հողի փոխանակման որոշմանը։ Թեև նոր տարածքի գինը Ղամբարյանի դստեր ունեցածից բարձր էր մոտ մեկուկես անգամ, Ղամբարյաններն այն ստացան առանց մեկ լումա հավելավճարի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վանաձորի ավագանին համայնքի շահերին հակասող գործարք է արել՝ ըստ իրավապաշտպանի. նա կդիմի դատախազությունԱյդ ժամանակ տեղի իշխանություններն էլ, ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանն էլ պնդում էին, թե որոշումն օրինական է, իրավապահներն էլ՝ հանցակազմ չեն գտել:
Մինչդեռ թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ու թե՛ Տարածքային կառավարման նախարարությունը որոշումն ընդունվելուց ամիսներ անց արձանագրել էին, որ բոյկոտը դադարեցրած Սեյրան Ղամբարյանն իրավունք չուներ քվեարկելու սեփական դստերը վերաբերող հարցին։ Պետական կառույցները հորդորել էին չեղարկել ապօրինի որոշումը, պահանջը, սակայն, տապալվել էր՝ ավագանու 16 անդամները ձեռնպահ էին քվեարկել։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն արդեն երեք տարի ապարդյուն փորձում է հասնել որոշման չեղարկմանը. «Տարածքային կառավարման նախարարություն կրկին դիմեցինք, եկավ նոր շրջաբերական մարզպետարան և համայնքապետարան, որով նշվեց, որ պարտադիր պետք է իրենք այդ գործընթացն իրականացնեն»:
Իրավիճակն ավելի է խճճվում, քանի որ համայնքի նոր հատակագծով այս տարածքն այլևս համարվում է օտարման և կառուցապատման ոչ ենթակա, ինչը նշանակում է, որ նախկին որոշումը չեղարկելու դեպքում այն այլևս չէր կարող կրկին տրամադրվել Ղամբարյաններին։
«Այսինքն, հատուկ պահպանվող տարածք է ու այս դեպքում Վանաձոր համայնքի ավագանին մեծ հավանականություն կա, որ այդ փոփոխությունը չի անելու», - ասաց Քոթանջյանը:
Չնայած սրան՝ քաղաքապետարանը ոչ միայն հարցը կրկին քվեարկության չի դնում, այլև օրերս շինարարության թույլտվություն է տրամադրել։
Ստեղծված իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, համանյքապատկան սեփականությունը Վանաձորին վերադարձնելու մեկ ճանապարհ կա՝ մարզային իշխանությունները կամ կառավարությունը պիտի դատի տան քաղաքապետարանին։ Միայն թե վերջին երեքուկես տարում ոչ Լոռու մարզպետարանը, ոչ էլ Տարածքային կառավարման նախարարությունը մատը մատին չեն տվել՝ շահերի բախմամբ ու ընդդեմ քաղաքի կայացված որոշումը չեղարկելու համար։