Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս լուռ է Վանաձորի համայնքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների, քաղաքական գործիչների անցած շաբաթվա աղմկոտ ձերբակալությունների մասին: Տասը մեղադրյալների թվում է եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը, որը թեև հրաժարվում է հարցազրույցից, բայց տեսաուղերձով իրավապահների գործողություններն անհիմն արշավ է որակել՝ ակնարկելով քաղաքական ենթատեքստերի մասին:
«Երբ նախաքննությունն ավարտվի, գործը դատարանում լինի, դուք դատարանում ականատես կլինեք բոլոր մտացածին վկաների և ցուցմունքների չեզոքացմանը, և արդեն մարդիկ կհասկանան, թե այս գործն ինչի համար էր, ում էր պետք և ում էր ձեռնտու»,- հայտարարել է Արմեն Այվազյանը։
Սա իրավապահ համակարգի հետ Այվազյանի առաջին առնչությունը չէ. 2023 թվականից ի վեր նա ձերբակալվել է երեք անգամ՝ երկու տարբեր քրեական վարույթներով: Համայնքապետարանի նախկին պաշտոնյան շեշտում է՝ երեք անգամն էլ դատարանը մերժել է իրեն կալանավորելու իրավապահների միջնորդությունը, նրա խոսքով. «Եթե մենք 2023 թվականին ինչ-որ գործողություններ անեինք, որը համայնքին լուրջ վնաս պատճառեր, կարծում եմ, խելամիտ չէր լինի, որ իրենք թույլ տային, որ մենք դրանից հետո 2 տարի աշխատեինք։ Դրանից հետո՝ նույն դատախազը, միջնորդության վարչական հսկողությունը հաներ, ինձ թույլատրել մարդկանց հետ շփումները, սակայն դրանից 1 շաբաթ անց նորից այդ շփումներն արգելափակեին և արդեն նոր ձերբակալություն և նոր մեղադրանքներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վանաձորում ամուսինների միջև ավագանու մանդատի ու պաշտոնի փոխատեղում է եղել2023-ի քրեական վարույթից հետո Այվազյանը շարունակել է պաշտոնավարել: Միայն անցած տարեվերջին՝ կաշառքի գործով Հակակոռուպցիոնի Վերաքննիչ բողոքից հետո նրա նկատմամբ վարչական վերահսկողություն էր սահմանվել՝ ոտքին ամրացված հատուկ սարքով: Ուշագրավ է, որ այդ վերահսկողությունը վերացվել էր ավագանու կարևոր նիստից ընդամենը օրեր առաջ, երբ քվորումի համար յուրաքանչյուր ձայն, այդ թվում՝ Այվազյանինը, նշանակություն ուներ:
«Քննարկումներ են ընթանում ավագանու նիստերի հետ կապված, որ ես՝ որպես ավագանու անդամ, պարտավոր եմ մասնակցել, և դրանից հետո նիստից մոտ մեկ շաբաթ առաջ նույն դատախազի որոշմամբ, ով կիրառել էր վարչական հսկողությունը, նույն դատախազի հիմնավորմամբ վարչական հսկողությունը հանվեց, ավագանու նիստը կայացավ և սպասում էի, որ այս գործի հանգուցալուծումը պետք է ինչ-որ ձև իրականանա և լուծում ստանա»,- ասում է համայնքապետարանի նախկին պաշտոնյան։
Մինչդեռ այս կարճատև դադարից ընդամենը երկու շաբաթ անց արդեն ձերբակալեցին և առաջադրված կոռուպցիոն մեղադրանքներով հանդերձ ազատ արձակեցին ոչ միայն Արմեն Այվազյանին, այլև նրա մերձավոր շրջապատին՝ հորը, քավորին ու նախկին գործընկերներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վանաձորի քաղաքապետարանի շուրջ քրեական պատմությունը նոր ընթացք է ստացելՄեղադրանքները ծավալուն են՝ կաշառքից մինչև խարդախություն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, բայց իրավապահները դեռ չեն պարզաբանում, թե 2023-ից ձգվող հողերի վարձակալության գործով ինչ նոր ապացույցներ են ի հայտ եկել, որոնք ստիպեցին դարձյալ անցնել կտրուկ գործողությունների: Այվազյանը պնդում է՝ որևէ նոր ապացույց իրավապահներն իրենց չեն ներկայացրել:
«Բացի այն աշխատանքները, որ մեզ փորձում են ինչ-որ բաներ համոզել, որ մենք ինչ-որ բաներ խոստովանենք, ես և 10 քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են, այլ իրավաբանական կամ խելամիտ որևէ աշխատանքներ չի իրականացվել։12 ժամ պահելուց հետո մեզ բոլորիս ազատ են արձակել և ասել են, որ կարող եք վերադառնալ ձեր բնականոն կյանքին»,- ասում է Այվազյանը։
10 մեղադրյալների ցանկում են նաև համայնքապետարանի առանցքային բաժինների գործող ղեկավարներ, այդ թվում՝ Արման Մովսիսյանը, Էրիկ Մովսիսյանը և Կարեն Իշխանյանը: Նրանց հետ փոխկապակցված անձանց թվում է նաև «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը: Նա ևս ձերբակալությունից հետո անհիմն ու կեղծ էր որակել իր քրեական հետապնդումը, հայտարարել. «Ես ոչ մի ապացույց այնտեղ չտեսա, համաձայն չեմ դրա հետ»։
Թեև քրեական վարույթի թղթապանակը հաստանում է, իրավապահները դրա բովանդակությունը շարունակում են փակի տակ պահել՝ անպատասխան հարցերով: