Վաղարշապատի ավագանու ընտրության ժամանակ կաշառք բաժանելու դեպքերով 62 մեղադրյալ կա

Արխիվային լուսանկար

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ Վաղարշապատի ավագանու ընտրության ժամանակ կաշառք բաժանելու դեպքերի համար քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբ:

«Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Իրավապահները ձայնագրություն են հրապարակել և հաղորդել, որ մի խումբ անիձնք կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ։

«Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ»,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ 62 մեղադրյալներից մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և խոստովանական ցուցմունքներ տվել։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։