«Չեմ հերքելու». «Վագա ֆարմի» հիմնադիրը մեղադրյալի աթոռին՝ չգրանցված դեղերի մասին ահազանգից հետո

«Վագա ֆարմ» դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը չգրանցված դեղերի մասին բարձրաձայնելուց հետո դարձել է մեղադրյալ: Նա հրաժարվել է կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, որով պետք է հերքեր դեռ երկու տարի առաջ մրցակցի՝ «Առգո ֆարմ»-ի վերաբերյալ արած արտահայտությունը:

«Առգո ֆարմի» կայքում 270 անվանում չգրանցած դեղ կա, ինչ ուզում անում է», - ասել էր նա:

Վարսանյանը պնդում է, որ նման հայտարարություն անելիս հենվել է բաց աղբյուրների վրա․ ավելին՝ հենց այդ ընկերության պաշտոնական կայքից է դուրս բերել չգրանցված դեղերի ցանկն ու փոխանցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Այս կառույցն էլ, մի շարք օրինակներ հավաքած, դիմել է Առողջապահության նախարարություն, նշել, որ ընկերությունը չգրանցված դեղեր է իրացնում: Սակայն նախարարն ընթացք չի տվել գործին․ նա հրամայել է կասեցնել վարույթը՝ պատճառաբանելով, որ «Առգո ֆարմ»-ի հարցն արդեն դատարանում է։ Իսկ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ ընկերության՝ պատճառաբանելով, որ չգրանցված դեղերի վերաբերյալ եզրակացությունը տվել է Կառավարության կողմից արդեն լուծարված կազմակերպությունը։ Սրանով հարցը փակվել է։

«Ազատությունը» հարցումներ է ուղարկել Առողջապահության նախարարություն ու տեսչական կառույց՝ պարզելու՝ արդյոք գործարարի բարձրաձայնած կասկածները դարձրե՞լ են ուսումնասիրության առարկա, արդյոք, ի վերջո, պարզե՞լ են՝ «Առգո ֆարմ»-ն ունի՞ չթույլատրված դեղեր, թե՞ ոչ:

«Եթե ես նման հերքում տայի, ինքս իմ դեմ կգնայի: Ո՞նց էի հետագայում աշխատելու, ապրելու, որովհետև 270 անվանում որ ասել էի, հերքում տայի, նույն ա, որ հերքես, նորմալ մարդ ես, նորմալ գործում ես», - ասաց Վահե Վարսանյանը:

«Վագա ֆարմ»-ի մեղադրյալ դարձած տնօրենը իրավունք չունի երկրից դուրս գալու: Ասում է՝ իրավապահները մերժել են բացակայելու արգելքը փոխարինել գրավով, այն դեպքում, երբ մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան կա՛մ սպառնում է 750 հազար դրամ տուգանք, կա՛մ մեկ տարվա ազատազրկում. «Նրանց մտքով անցնում էր, որ էս հսկայական կազմակերպության գործերը պետք է թողնեմ ու փախուստի դիմեմ»:

«Վագա ֆարմ»-ն այս տարվա կեսի տվյալներով՝ Հայաստանի 96-րդ ամենախոշոր հարկատուն է, իսկ «Առգո ֆարմ»-ը՝ 292-րդը:

Այն, որ Հայաստանում չգրանցված դեղերի խնդիր կա, արձանագրել է նաև «Հետք»-ի ծավալուն հետաքննությունը: Հետաքննող լրագրողները երկու տարի առաջ պարզել էին, որ այս ոլորտում պետության վերահսկողական մեխանիզմները թույլ են, դեղատներում չգրանցված դեղերը վաճառվում են առանց դրոշմապիտակի կամ գրանցված այլ դեղի անվան տակ, վաճառքը տարածված է նաև սոցցանցերում և սև շուկայից ձեռք բերված դեղերը անվտանգության ոչ մի երաշխիք չունեն:

«Փոխանակ հետամուտ լինեն՝ մեր ասածների հետևից գնալու, այսինքն, իրենք պետք է շահագրգռված լինեն, մեր տեղեկատվությունն օգտագործեն, հակառակը՝ կիրառում են մեր դեմ, որպեսզի հեռու մնաս հետագայում քո իրավունքի համար որևէ դիրքորոշման, նույնիսկ պետության համար պայքար չմղես», - նշեց Վարսանյանը:

«Առգո ֆարմ»-ի ներկայացուցիչն այսօր չցանկացավ հրապարակային դիրքորոշում հայտնել՝ առաջարկելով օգտվել դատական գործի նյութերից: Ըստ դրանց՝ չգրանցված դեղեր վաճառելու մասին պնդումն այս ընկերությունում ոչ միայն հերքում են, այլև վկայակոչում են քաղաքացիական դատարանի վճիռը, որով «Վագա ֆարմ»-ի ղեկավարին պարտավորեցրել են հերքել իր խոսքերը:

Սակայն «Վագա ֆարմ»-ի ղեկավար Վարսանյանը նկատում է՝ առաջին ատյանի դատարանում ինքը հաղթել է, այն գտել էր, որ մրցակցին չի զրպարտել և նման պահանջն ինքնին խախտում է արտահայտվելու ազատությունը: Բայց վերաքննիչ դատարանը տրամագծորեն հակառակն է վճռել: Այս ատյանը եզրահանգել է՝ Վահե Վարսանյանը խախտել է «Առգո ֆարմ»-ի ղեկավարի անմեղության կանխավարկածը, առանց փաստերի պնդել, թե չգրանցված դեղեր է վաճառում:

Պարբերաբար ապօրինությունների մասին ահազանգող «Վագա ֆարմ»-ի ղեկավարն ամիսներ առաջ էլ այլ խնդրի էր բախվել: Դավթաշենի պոլիկլինիկան հրաժարվել էր դեղատան տարածք տալ ու այն Վարսանյանի առաջարկած գումարից ցածր գնով հատկացրել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ին:

Վարսանյանը դիմել էր իրավապահներին պաշտոնական դիրքի չարաշահման, հովանավորչության ու պետությանը միլիոնների վնաս հասցնելու կասկածով, բայց այս դեպքում նրա բողոքին դեռ ընթացք չեն տվել: Ավելին՝ պնդում է՝ դրանից հետո իր դեղատներում առավել հաճախակի դարձան ստուգումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

540 հազարն առաջարկել է «Վագա-ֆարմ»-ը, տարածքը 300 հազարով ստացել է «Նատալի ֆարմ»-ը