Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց

2025-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է ներդրվեր QR-երով դրոշմավորման նոր համակարգ՝ ԵԱՏՄ կանոնների համաձայն։ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերին շրջանառության մեջ էր դրել այդ մասին նախագիծը, շաբաթներ անց այն հետ կանչել՝ բարելավումների, համակարգի կայացման հիմնավորմամբ։

Որոշման հետկանչին հետևել է միլիարդավոր դրամներով նորից թղթային դրոշմապիտակների ձեռքբերումը, թեպետ թվային համակարգը շահագործող «Ի-մարկ» ընկերությունը պնդում է, որ ներդրված համակարգն այդ ժամանակ լիովին աշխատում էր ու պատրաստ էր այլ ապրանքախմբեր ևս ներառել թվային դրոշմավորման համակարգում։ Բացի այն, որ ՊԵԿ-ի այս գործողությունները կարող են կասկած հարուցել նորից թղթային դրոշմապիտակներ գնելու շահագրգռվածության հարցում, զուգահեռ տարօրինակ զարգացումներ են եղել թղթային դրոշմապիտակները ձեռք բերելիս. պարզվում է՝ «Էյ էմ-փի ջի գրուպ» ընկերությունը թղթային դրոշմապիտակները մատակարարել է ՊԵԿ-ին, մինչ Կոմիտեի կողմից կհայտարարվեր գնման մրցույթ, և կընտրվեր դրա հաղթողը։ Ավելի ուշ հայտարարված ու անցկացված մրցույթում ընկերությունը մրցակից չի ունեցել։

Ինչո՞ւ է QR-երով դրոշմավորումը համարվում կարևոր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2018-ի փետրվարին ընդունել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համաձայնագիրը՝ ամբողջ ԵՏՄ գոտում մեկ միասնական դրոշմավորման համակարգ ներդնելու համար։ Ըստ կառավարության՝ նոր համակարգը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը՝ շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում, և այդ տեղեկատվությունն ամբողջապես փոխանցում պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։ Մյուս կողմից կառավարությունն այս համակարգով հնարավորություն է ստանում տեսնել արտադրողների, ներմուծողների, արտահանողների, վաճառողների տնտեսական վարքագիծն ու փոփոխությունները։

Հայաստանում դրոշմավորման նոր համակարգը նախ սկսեց կիրառվել պիլոտային եղանակով՝ ներառելով հյութերը, ըմպելիքները, գարեջուրը, միսը, ձկնեղենը, թեյը, սուրճը, կաթնամթերքը, օծանելիքները, կոսմետիկան և այլն։ Հետագայում դրոշմավորման նոր համակարգի մաս դարձան ալկոհոլը, ծխախոտն ու ջուրը։

ՊԵԿ-ը ներկայացնում, ապա հետ է կանչում, հետո նորից բերում նախագիծը

2025-ի հունվարի 1-ից Պետեկամուտների կոմիտեն պլանավորում էր բոլոր ապրանքախմբերը ներառել թվային դրոշմապիտակների համակարգում և այդ նպատակով նախագիծ էր շրջանառել։ Նախագիծը քննարկվել է մինչև 2024-ի դեկտեմբերի 24-ը, սակայն չի դարձել կառավարության որոշում․ ՊԵԿ-ը հետ է կանչել իր իսկ առաջարկը՝ լրամշակման համար։ «Հետք»-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահը բացատրել էր. «Մենք սկսեցինք ուսումնասիրել դա (համակարգը)։ Այդ ժամանակ նախնական որոշումներ կային կայացված, որ ենթաակցիզային բոլոր ապրանքները պետք է անցնեն նոր համակարգին։ Ուսումնասիրությունները բացահայտեցին, որ դեռ այդքան էլ պատրաստ չենք, ու համակարգը կարիք ունի կայացման»։

ՊԵԿ-ը նույն հիմնավորումն է ներկայացրել նաև «Ազատությանը»՝ չպարզաբանելով՝ հետ կանչված նախագծի և հետագայում ընդունված որոշման մեջ ինչ սկզբունքային փոփոխություններ են եղել։ Այնուհանդերձ, այս փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ ամենաէական փոփոխությունը վերաբերում է ժամկետներին․ ըստ այդմ, որոշ ապրանքներ նոր համակարգին պետք է միանան ավելի ուշ, այդ թվում՝ 2026-ից։

Թվային դրոշմավորման ազգային օպերատոր «Ի-մարկ» ընկերությունը, որ մշակել ու կառավարում է նոր համակարգը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցերին տեղեկացրել է, որ համակարգն անցել է պիլոտային փուլը, լիարժեք գործել է և պատրաստ է նոր ապրանքախմբերի դրոշմավորմանը։

«Պիլոտային ծրագրերն իրականացվել են բարձր արդյունավետությամբ, մինչև 2024-ի դեկտեմբերը «Ի-մարկ» ընկերությունը հավաքագրել ու իրականացրել է բոլոր անհրաժեշտ ծրագրային փոփոխությունները՝ համակարգի լավարկման նպատակով։ Համակարգի անպատրաստ լինելու մասին իրենց հայտնի չէ որևէ արձանագրություն»,- հայտնել են ընկերությունից ու նշել, որ անցած տարվա փետրվարին կառավարության որոշմամբ համակարգին միացած նոր ապրանքախմբերը «ներդրվել են նույն ծրագրային ապահովմամբ»։

Այս իրավիճակում, երբ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերի վերջին հետ է կանչել թվային դրոշմավորման, ապրանքախմբերի ընդլայնման նախագիծը, անհրաժեշտություն է առաջացել մի շարք ապրանքների դրոշմավորումը կատարել մինչ այդ գործող՝ թղթային դրոշմապիտակների տարբերակով։ Այդ նպատակով ՊԵԿ-ը էլեկտրոնային աճուրդ է հայտարարել՝ թղթային դրոշմապիտակների տպագրման ու ձեռքբերման համար։ Աճուրդը հայտարարվել է 2025-ի փետրվարի 12-ին, դրա միակ մասնակից ու հաղթող է դարձել «Էյ էմ փի ջի գրուպ» ընկերությունը՝ դրոշմապիտակների մատակարարման հարցում ՊԵԿ-ի վաղեմի գործընկերը։

Ապրանքը մատակարարվել է, հետո՝ հայտարարվել մրցույթ

«Էյ էմ-փի ջի գրուպ» տպագրական ընկերությունը ստեղծվել է 1998 թվականին գործարար Ալբերտ Թառոյանի կողմից, նա նաև Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության պատվո հյուպատոսն է։ ՊԵԿ-ի՝ 2025-ի փետրվարի աճուրդին մասնակցել է միայն «Էյ էմ-փի ջի գրուպ»-ը, հաղթել. ընկերության հետ մարտի 12-ին կնքվել է 1.2 միլիարդ դրամի պայմանագիր՝ ՊԵԿ-ին 315 միլիոն հատ դրոշմապիտակ մատակարարելու համար։ Թեպետ ՊԵԿ-ը աճուրդը հայտարարել է փետրվարին, իսկ «Էյ էմ-փի ջի գրուպ»-ի հետ պայմանագիրը կնքել մարտին, ընկերությունը հունվարից արդեն սկսել է մատակարարումներ իրականացնել, երբ մրցույթը հայտարարված չէր՝ ոչ հաղթողը կար, ոչ էլ ստորագրվել էր պայմանագիրը։

Ինչո՞ւ է առաջացել նման անհամապատասխանություն, ինչո՞ւ է հենց «Էյ էմ-փի ջի գրուպ»-ն ապրանք մատակարարել, երբ դեռ պարզ չէր, որ այս ընկերությունն է հաղթելու մրցույթում՝ հետաքրքրվեցինք ՊԵԿ-ից։ Ի պատասխան հայտնել են, որ գնման մրցույթն իրականացվել է «թափանցիկ և համաչափ սկզբունքների հիման վրա»։ Թեև գնման այս ընթացակարգում այլ մասնակից չէր եղել, Կոմիտեից պնդել են նաև, որ «այն եղել է մրցակցային»։

Ամիսներ անց ՊԵԿ-ը «Էյ էմ-փի ջի գրուպ»-ին հատկացրել է մոտ 330 միլիոն դրամ՝ ավելի քան 87 միլիոն դրոշմապիտակ տպելու ու մատակարարելու համար։ Հուլիսին արդեն ՊԵԿ-ը 805 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ընկերության հետ՝ 213 միլիոն հատ դրոշմապիտակ մատակարարելու համար։

Փաստացի, ՊԵԿ-ը 2025-ին ավելի քան 2.3 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել «Էյ էմ-փի ջի գրուպ» ընկերության հետ մի դեպքում, երբ կարող էր համապատասխան որոշումները կայացնելով անցնել թվային դրոշմավորման՝ խուսափելով միլիարդավոր դրամների չնախատեսված ծախսերից։

ՊԵԿ-ի կողմից դրոշմապիտակների տպագրման ու մատակարարման հետ կապված նաև դատական գործընթաց կա։ Ռուսաստանում գրանցված «Դեալ պլյուս» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ի հայտարարած դրոշմապիտակների տպագրման ու ձեռքբերման հրավերն ու գնման առարկայի բնութագիրը ճանաչել անվավեր։ Ըստ դատական գործի՝ «Դեալ պլյուս»-ը դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը համարել է ոչ մրցակցային և խտրական։ Ընկերությունը մրցույթին չի մասնակցել, այն համարել է ձևական, նաև դատարանից պահանջել ստանալ ՊԵԿ պաշտոնատար անձանց և մրցույթի հաղթող «Էյ էմ-փի ջի գրուպ»-ի միջև գրագրությունները։

Ըստ հայցվորի՝ ՊԵԿ-ը ստացել է դրոշմապիտակները ու «Էյ էմ-փի ջի գրուպ»-ի առաջ գրավոր պարտավորություն ստանձնել ձևական մրցույթ հայտարարել, ընկերությանը համապատասխանող տեխնիկական բնութագիր ներկայացնել։ «Դեալ պլյուս»-ի այս տեղեկությունները դատարանը համարել է «ընդամենը տեղեկություններ՝ ասեկոսեներ համատեքստում, որոնց աղբյուրը բացահայտված չէ»։ «Դեալ պլյուս»-ի այս հայցը մերժվել է և՛ առաջին ատյանում, և՛ վերաքննիչ դատարանում։

«Ազատության» գրավոր հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը մրցույթի մեկնարկից առաջ հաղորդակցություն ունեցե՞լ է «Էյ էմ-փի ջի գրուպ»-ի հետ ապրանքի հնարավոր մատակարարման շուրջ, ՊԵԿ-ից պատասխանել են՝ հաշվի առնելով ընկերության հետ երկարամյա գործընկերային հարաբերությունները, «Էյ էմ-փի ջի գրուպ»-ի հետ մշտապես եղել են աշխատանքային քննարկումներ։

Քրեական վարույթ՝ «Ի-մարկ»-ի մասնակցությամբ

QR-երով դրոշմավորման նոր համակարգը, որ ներդրվել է ԵԱՏՄ տարածքում, ենթադրում է ունենալ ազգային օպերատոր։ 2020-ին մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրա բաժնետերը ՌԴ-ում գրանցված «Ցենտր ռազվիտիա պրեսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ընկերությունն էր, որն, ըստ RBC-ի, կապվում է ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ։ Որոշ ժամանակ անց ընկերությունում հայտնվում է նոր համասեփականատեր՝ «Ֆրուկտուս» ընկերությունը, որն իր հերթին կապվում է «Թիմ» հեռահաղորդակցության օպերատորի սեփականատեր եղբայրների՝ Հայկ և Ալեքսանդր Եսայանների հետ։ «Ֆրուկտուս»-ի բաժնետերը նրանց ազգական Նարեկ Եսայանն է։

2024-ին ռուսական ընկերությունն արդեն լրիվ դուրս եկավ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ի բաժնետերերի ցանկից։ Նոր բաժնետեր դարձավ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանը, ընկերությունն էլ անվանափոխվեց ու կոչվեց «Ի-մարկ»։

Փաշայանը երկար տարիներ ՊԵԿ համակարգում էր, մինչև 2020 թվականն էլ ՊԵԿ նախագահի տեղակալն էր։ Թե ինչպես ստացվեց, որ դրոշմավորման նոր համակարգի ազգային օպերատոր-ընկերության բաժնետեր դարձավ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, ու թե ինչպես է ընտրվել այս օպերատորը՝ ներկայում քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառած հակամրցակցային գործունեության հատկանիշներով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ գրության հիման վրա և այժմ նախաքննության փուլում է։

Դրոշմավորման համակարգի ամենամեծ փոփոխությունն այն էր, որ եթե նախկինում ՊԵԿ-ն էր գնում դրոշմապիտակներ և տրամադրում տնտեսվարողներին, այժմ տնտեսվարողները դրանք ձեռք են բերում «Ի-մարկ»-ից։ Հունվարի 1-ից «Ի-մարկ»-ի կողմից տրամադրվող 1 դրոշմապիտակի գինը 3.5 դրամից նվազեցվել է ու դարձել 2.5 դրամ։

Մկրտիչ Կարապետյան