Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներից հետո միայն Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցակցրել ու քննարկել ցորենի տեղական արտադրության ծավալները մեծացնելու հնարավորությունները:
Թե ինչու 8 տարիների ընթացքում իշխանություններին չի հաջողվել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը՝ գործադիրի տարածած հաղորդագրությունից պարզ չէ: Միայն հայտնի է, որ մինչ այս պահը կառավարությունն անգամ չի էլ քարտեզագրել ցորենի համար հարմար ու չմշակվող հողատարածքները: Միայն այս շաբաթ կայացած հանդիպմանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հանձնարարական ներկայացրել:
Հայաստանը մեծապես կախված է ռուսական ցորենի մատակարարումներից: Դեպի Եվրամիության ձգտող իշխանություններին չի հաջողվել ոչ միայն այդ կախվածությունը նվազեցնել, այլ ընդհակառակը՝ տեղական արտադրության ծավալները նախորդ տարիներին նվազել են:
Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառող Մոսկվայից անցած ամիսներին նաև ռուսական ցորենից Հայաստանի կախվածության հանգամանքն են մատնանշում, թեև մինչ այս պահը դեպի Հայաստան մատակարարումները չեն սահմանափակել՝ դրանք իրականացվում են այդ թվում երկաթուղիներով՝ Ադրբեջանի տարածքով:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Ռուսաստանից հնչող սուր հայտարարությունների և տնտեսական սահմանափակումների կիրառման այդ շրջանում վստահեցնում էր՝ Հայաստանի պարենային անվտանգությունը կարող են պաշտպանել, եթե Ռուսաստանը կտրուկ քայլերի գնա.
«Հայաստանի Հանրապետությունն ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունն ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է և կստանա կայուն ցորեն և այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է»,- հայտարարում էր նախարարը:
Նույնիսկ այդ՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման շրջանում տնտեսական զարգացման հիմնական գերատեսչության ղեկավարը պարենային անվտանգության մասին հարցին ի պատասխան՝ խոսում էր մատակարարման աղբյուրների բազմազանեցումից: Եվ, փաստորեն, միայն հիմա՝ երբ արդեն Հայաստանի տնտեսությունն ուղղակիորեն տուժում է՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ներդրումային նախագիծ պատրաստել:
Պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է
Միայն անցած տարի Հայաստանն ավելի քան 332 հազար տոննա ցորեն է ներկրել՝ շուրջ 83 միլիոն դոլար ընդհանուր գնով, իսկ Հայաստանում ցորենի ընդհանուր բերքը 132 500 տոննա է կազմել: Չնայած վերջին տարիներին կառավարությունը ցորենի արտադրության խթանման տարբեր է ծրագրեր է իրականացրել ու միլիոններ ծախսել, ինքնավաբության աստիճանը 2024 թվականի տվյալներով մոտ 23 տոկոս է:
Ֆերմերները շարունակ պնդում են՝ ձեռնտու չէ ցորեն աճեցնելը, իսկ առանց պետական աջակցության ընդհանրապես շահույթ չեն կարող ունենալ.
«Էդ քո ծախսերն էլ չի փակի, տրամադրած 120 կամ 70 հազար դրամն էլ, որ չլիներ ընդհանրապես մինուսով էր գյուղացին»,- ասում է ֆերմերներից մեկը:
Թե ցորենի ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ ինչ ծրագիր կմշակեն ու ինչ ժամկետներում, պարզ չէ: Իսկ ցորենի ներկրումը պարենային անվտանգության խնդիրներից, թեև, ըստ էության, գլխավորն է, սակայն միակը չէ:
Տարեց տարի մեծ տեմպերով նվազում է նաև կաթի ու մսի ինքնաբավության աստիճանը, եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցորենի արտադրության վերաբերյալ հստակ խոստումներ չի տվել, կաթի ու մսի արտադրության վերաբերյալ նախընտրական շրջանում չափելի ցուցանիշների մասին է հայտարարել, խոստանում են 5 տարվա ընթացքում կաթի ինքնաբավության աստիճանը ներկայիս 78.6 տոկոսից 88.7-ի հասցնել, տավարի մսի արտադրությունն էլ հասցնել ներքին պահանջարկի 93.5 տոկոսին, ներկայիս 88 տոկոսից: