20-ամյա զինծառայողներ Ռուբեն և Արմեն Շահինյաններին ծնողները վերջին անգամ գրկեցին 2020-ի փետրվարի 2-ին, երբ նրանք երդվեցին ծառայել հայրենիքին։ 44-օրյա պատերազմում նրանք ընկան՝ առանց միմյանցից բաժանվելու։
Երդումից 6 տարի անց՝ նույն օրը, ծնողները պետք է գրկեին արդեն նորածին որդուն, բայց փոքրիկն այլ պլաններ ուներ. «Որոշված էր ծնվելու օրը, փետրվարի 2-ին, բայց չգիտես ինչու բանակի օրով ինքը որոշեց, որ պիտի ծնվի»:
Նորածին երջանկությանը դժվարությամբ հավատում ու զգուշորեն են գրկում, կողքից չեն հեռանում, ծանոթ դիմագծեր են փնտրում։
4 տարվա պայքարից, ԷԿՈ-ի 2 անհաջող փորձից հետո Պայծառ Թորոսյանը հղիացավ բնական ճանապարհով։
Գրկից գիրկ անցնելով՝ Ռաֆֆի Շահինյանը, սակայն, ծննդատնից տուն չգնաց, նախ այցելեց զոհված ավագ եղբայրներին։
Արցախի համար ընկած եղբայրների դիմագծերն ու անվան սկզբնատառերը կրող Ռաֆֆին նրանց տեղը չի լրացնի, բայց կմեղմի ընտանիքի կորստի ցավը։
45-ում կրկին մայրացած Պայծառը՝ զույգ տղաների պատկերը կրծքին,
անվերջ գրկում է 6-օրական երրորդ որդուն։