Իրենց բակի հարակից տարածքում քննիչների և բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Մալաթիայի բնակիչները «Իշխանություն» լրատվականին վրդովված պատմել են դեպքի մասին։ Ասում են ՝տարածքում գործող ավտոպահեստամասերի խանութի սեփականատեր 54-ամյա Աշոտ Զախարյանը, որ նաև տեղի բնակիչ է, երիտասարդ երկու քննիչներին խնդրել է մեքենաներն անընդհատ իր խանութի մոտ չկայանել, քանի որ դրանք խանգարում են առևտրին։ Բնակիչների պնդմամբ՝ քննիչները նախ հոխորտացել, ապա ծեծել են նրան։ Վրդովված հարցնում են՝ Աշոտը և՛ ծեծվի, և՛ մեղավոր ճանաչվի, և՛ երկու ամսով բանտ նստի, իրենց պնդմամբ՝ նրան ծեծած քննիչները ազատության մեջ մնան և շարունակեն աշխատե՞լ։
«Կրա՞կն ենք ընկել, որ մենք այստեղ ենք ծնվել, այստեղ ենք ապրում։ Այսինքն՝ այստեղ, որ ոստիկանություն կամ քննչական կոմիտե կա, կարող են մեզ ամեն վայրկյան ահաբեկել։ Այդպես չի լինում»,- ասում են բնակիչները:
Քննչական կոմիտեն, սակայն հերքել է այս պնդումները և հայտարարել՝ հակառակը, քաղաքացիներն են ծեծել իրենց աշխատակիցներին։ Այս վեճը շարունակություն է ունեցել։ Եվս մեկ մարդ է կալանավորվել։ Խոսքը խանութի տիրոջ՝ 54-ամյա Զաքարյանի քրոջ որդու՝ ոստիկան Սարգիս Բագրատունյանի մասին է։ Բագրատունյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ ասում է՝ միջադեպից հետո Սարգիսը փորձել է երիտասարդ քննիչներից պարզել, թե ինչու են ծեծել իր հորաքրոջ ամուսնուն։ Փաստաբանի պնդմամբ՝ քննիչները ոչ պատշաճ են խոսել նաև Բագրատունյանի հետ, իսկ հեռանալիս բարձր հայհոյանքներ հնչեցրել։ Փաստաբանն ասում է՝ հայհոյանքը բարկացրել է տարածքի բնակիչներին, իրավիճակը լարվել է, ծեծկռտուք սկսվել։ Մարտիրոսյանը պնդում է՝ կա տեսանյութ, որտեղ երևում է ոստիկանության մայոր, օպեր -լիազոր Սարգիս Բագրատունյանը փորձում է բաժանել վիճաբանող կողմերին և քննիչներին հեռացնել վեճի կիզակետից, բայց քննիչների հաղորդման հիման վրա հենց Բագրատունյանն ու նրա հորաքրոջ ամուսինն են երկու ամսով կալանավորվել նրանց ծեծելու մեղադրանքով։
«Բնակիչների աչքի առաջ է չէ՞ այդ նույն Զաքարյանը ծեծի ենթարկվել քննիչների կողմից։ Բա քննիչներն այսօր այդ նույն բնակիչների աչքի առաջ գալիս են ամեն օր աշխատանքի և նույնքան ծիծաղով նայում նույն բնակիչներին, հենց այդ էլ վրդովմունքի առիթ է դառնում բնակիչների համար»,- փաստաբանից բացի նույնն են պնդում նաև բնակիչները. «Կամերաները դրած է, որ Սարգիս Բագրատունյանը բաժանում է, դատարանի մեջ մոնիտորով գնացել է, որ չի խփում, ընդհանրապես Սարգիս Բագրատունյանը կապ չունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քննիչներն են ծեծել ոստիկանին, թե՞ ոստիկանն է բռնություն գործադրել քննիչների նկատմամբԱրդեն կալանավորված ոստիկանության մայոր Սարգիս Բագրատունյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը շարունակում է պնդել նրան, խոշտանգել են նաև Քննչական կոմիտեում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ու մասնակցությամբ։ Կա լուսանկար, որտեղ երևում է Բագրատունյանի պատառոտված համազգեստը։ Ոստիկանի մարմնին, ասում է փաստաբանը, եղել են կապտուկներ ու փափուկ հյուսվածքի սալջարդ։ Ըստ նրա՝ շտապօգնության բժիշկը դա արձանագրել է։ Քննչական կոմիտեից, մինչդեռ պարզաբանումներ չեն տալիս, հղում են անում իրենց նախորդ հայտարարություններին, ըստ որի՝ հերքում են նաև այս պնդումը և նշում՝ ոստիկանն ու նրա ավելի քան երկու տասնյակ հարազատներն են քննիչների նկատմամբ բռնություն գործադրել ու խուլիգանություն կատարել, իրենք էլ քրեական գործ են հարուցել։ Երեք դրվագով այս գործը հիմա Հակակոռուպցիոն կոմիտեում է, բայց խանութի սեփականատերն ու ոստիկանը հենց այս միջադեպի կողմ հանդիսացող Քննչական կոմիտեի միջնորդությամբ են կալանավորվել: Ոստիկանը երեկ Հակակոռուպցիոնում հարցաքննվել է, ասաց փաստաբանը.
«Բռնության ենթարկված երկու անձինք այսօր կալանքի տակ են, իսկ բռնություն իրականացրած մնացած անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյան, այսօր իրենց աշխատանքն են կատարում: Եթե անկողմնակալ քննություն իրականացվի գոնե այս պահի դրությամբ, եթե այլ գործողություն չանենք թե՛ քննիչների, թե՛ վարչության պետի և այլ պաշտոնյաների, որոնք մասնակից են եղել խոշտանգմանը, գոնե լիազորությունների կասեցում պիտի լիներ»,- շեշտում է փաստաբանը:
Միջադեպին է անդրադարձել Ներքին գործերի նախարարը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրայինի հետ զրույցում ասել է՝ գնահատական տալ չի կարող, բայց ուշադիր հետևելու է գործի ընթացքին.
«Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչ պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի»,- հայտարարել է նախարարը:
Ոստիկանի փաստաբանը չի պատկերացնում, թե իրավական ինչ մեխանիզմներով է ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու իր աշխատակցին, բայց ասաց՝ կա մի քանի բան, որ կարող են անել.
«Ներքին գործերի նախարարությունը իր ոստիկանին կարող է պաշտպանել, երբ պահանջ ներկայացնի և հետևի այդ պահանջի իրականացմանը, կարող է օժանդակել՝ նախաքննությանը տրամադրելով այն տեսանյութերը, այլ ապացույցները, որոնց տիրապետում է այս պահին։ Այլ ձևով պաշտպանություն ես չեմ պատկերացնում»,- նկատում է փաստաբանը:
Քննչական կոմիտեն տարածած հայտարարությամբ նաև նշել էր, որ ոստիկանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Վերջինիս փաստաբանը դա էլ է հերքում՝ նշելով՝ չկա դա հաստատող որևէ փորձաքննություն։ Իսկ խանութի տիրոջ փաստաբանն ասում է՝ նա ստամոքսի խոց ունի, սրտանոթային խնդիրներ և կլաուստրաֆոբիա, ինչը փակ տարածքում սրվել է։ Նա նաև կալանավորվել է գլուխուղեղի ցնցումով: Փաստաբանի խոսքով՝ Զախարյանը նախկին սպա է, բայց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, իսկ դա, ըստ նրա, վտանգավոր է. նկատի ունի, որ քրեական ենթամշակույթի կանոններով սպաներն անցանկալի անձ են բանտում.
«Աշոտ Զախարյանը հանդիսացել է սպա: Այդ մասին տեղյակ է եղել ինչպես վարույթ իրականացնող մարմինը, այնպես էլ կալանքի միջնորդությունը քննած դատարանը, սակայն վերջինիս տեղափոխել և տեղավորել են Արմավիր քրեակատարողական հիմնարկում, իսկ սպաները նախկին թե ներկա, կալանքը և ազատազրկումը կրում են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Միջնորդել ենք, որպեսզի վերջինիս տեղափոխեն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ իրական վտանգ կա, որ կարող է ֆիզիկական կամ հոգեկան բռնության ենթարկեն Արմավիր քրեակատարողական հիմնարկում, սակայն մինչ օրս պատասխան չունենք»,- ասում է Զախարյանի փաստաբանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չասացին՝ ազատության մեջ գտնվող քննիչներն ի՞նչ կարգավիճակ ունեն, տուժող են, թե՞ կասկածյալ կամ փաստաբանների ու բնակիչների նշած տեսանյութն արդյո՞ք փոխանցվել է իրենց, իսկ Մալաթիայի բնակիչներն ու երկու կալանավորվածների փաստաբաններն իրավաչափ չեն համարում նրանց ազատազրկումը, վտանգավոր հանցագործների՞ են բռնել, տարակուսած են բնակիչները։