«Ծեծկռտուք, հարվածներ». ընդդիմությունն ահազանգում է ընտրությունների օրը բռնությունների մասին

Խորհրդարանական ընտրություններն առանց բռնությունների չեն անցել: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական ղեկավարն է բռունցքների դիմել, երբ ընդդիմադիր ուժի վստահված անձը՝ Լևոն Հոխիկյանը, հորդորել է նրան կարգը չխախտել, պնդում է Հոխիկյանը:

«Ենթադրում են, որ ամեն ինչ իրենց թույլատրելի է, ամեն ինչ կարելի է և շարժվում են այնպես, ինչպես ուզում են»,- ասաց Լևոն Հախիկյանը:

Նա «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձն է, գյուղի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը՝ «Քաղաքացիական պայմանագրի»: Երբ նա ընտրական տեղամաս է մտել ՔՊ-ական վստահված անձանց թիվը դարձել է երեք, ինչը խախտում է, Լևոն Հոխիկյանը պահանջել է, որ երեքից մեկը դուրս գա տեղամասից:

«Այդ հողի վրա արդեն առաջացավ կոնֆլիկտ, իհարկե, Սիրակ Սիրականյանի կողմից, ինչի հետևանքով արդեն տեղի ունեցավ մնացած միջադեպը»,- պատմեց Լևոն Հոխիկյանը:

Կես ժամ անց, ըստ Հոխիկյանի, Սիրակ Սիրականյանը տեղամասի հարակից տարածքում իր հետ հաշվեհարդար է տեսել. հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել: Հետո նրան են միացել մի քանի հոգի:

«Ծեծկռտուք, հարվածներ: Սկզբում մենակ, հետո իրեն միացել են ևս մի քանի անձինք»,- ասաց Հոխիկյանը:

Տարածքում տեսախցիկ է եղել ու բռնությունն արձանագրվել է, պնդում են «Ուժեղ Հայաստան»-ից: Այդ տեսանյութում, ըստ նրանց, Սիրակ Սիրականյանն ու իր մտերիմները հարվածում են Լևոն Հոխիկյանին:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել: Քննչականից «Ազատության»-ը հայտնեցին, որ քրեական վարույթ են նախաձեռնել՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, պարտականությունների կատարմանը խոչընդոտելու ու ֆիզիկական ներգործության հոդվածներով: Որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել:

Ինչո՞ւ է Սիրականյանը հարձակվել ու հարվածել քաղաքական հակառակորդին, ինչի՞ց է բորբոքվել, երեկվանից Սիրակ Սիրականյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում: Նա զանգերին ու նամակներին չի արձագանքում:

Մեկ այլ դեպք էլ Ավշարի թիվ 13/29 տեղամասում է եղել: Տեսանյութը «Ուժեղ Հայաստանն» է հրապարակել: Պնդում են, որ իրենց վստահված անձի վրա հարձակվողը ՔՊ-ի վստահված անձն է: Երեկվանից ընդդիմադիր ուժից տեղեկություն չեն հրապարակում, թե ինչի պատճառով է վիճաբանություն սկսվել: «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն «Ազատությանը» փոխանցեց, թե բազմաթիվ խախտումներ են արձանագրել, դեռ ամբողջացնում են, որից հետո կհրապարակեն:

Այս դեպքով էլ, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քրեական վարույթ են նախաձեռնել՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, պարտականությունները խոչընդոտելու հոդվածներով: Այս գործով էլ, չնայած տեսանյութին, մեղադրանք չկա:

Երեկ ընտրությունների ընթացքում էլ ընդդիմադիրներն ահազանգում էին տասնյակ խախտումների մասին: Արտակարգ էր Սյունիքի մարզի Լոր համայնքի դեպքը. Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը ընտրական տեղամասի քվեախցում թողած քվեաթերթիկները լցրել էր պարկն ու տեղափոխում էր ուրիշ տեղամաս: Լրագրող Լիա Սարգսյանն էր տեսանյութը հրապարակել:

«Մենք մտածել ենք, որ կարող է հեռավոր գյուղերում քվեաթերթիկների պակաս ունենանք, որպեսզի չգնանք մեկ էլ ընտրատարածքայինից բերենք քվեաթերթիկները, ես հանձնաժողովի անդամներից մեկին խնդրեցի, որ՝ նայեք, եթե ջարդված չեն քվեաթերթիկները, եթե հնարավոր է վերականգնել, մեզ մոտ պահենք, որպեսզի էն տեղամասերում, որտեղ պակաս կլինի, արագ արձագանենք, հասցնենք»,- ասում է Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչն էլ հակադարձում էր. «Ցանկացած ընտրատեղամասում ամենաքիչը ընտրողների քանակով թուղթ է լինում, ամեն տարածքում պետք է ստուգվի, նոր սկսվի քվեարկությունը, չի կարող պակաս լինի»:

Այս դեպքի վերաբերյալ դեռ երեկ էր «Ազատությունը» կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել, որ պարզաբանեն՝ արդյոք իրավունք ունեն, քվեարկությունը չավարտած՝ քվեաթերթիկներ տեղափոխեն այլ տեղամաս: Հանձնաժողովից խոստացել էին իրավական գնահատական տալ ու այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզբանեց.

«Մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս՝ ով քանի հատ, ինչ քվեաթերթիկ ուզում է, տանեն տան նրան, ով որ ուզել է»:

Ըստ Վահագն Հովակիմյանի՝ ընդդիմադիրների արձանագրած այս դեպքը խախտում չէ. ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը քվերակությունը չավարտած քվեաթերթիկները կարող էր պարկով դուրս է տանել: