Ցեղասպանության թանգարանի միջազգային ծրագրերը՝ կասկածի տակ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային հեռացումը կասկածի տակ է դրել գիտական այս հաստատության միջազգային ծրագրերը, վտանգված են պլանավորված գիտաժողովները՝ աշխարհում հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ։

Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը շեշտում է՝ խնդիրն այստեղ անձի՝ նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հարցը չէ, այլ այն, որ նրան ստիպեցին գործից հեռանալ միայն այն բանի համար, որ նա Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։

«Այսօր եթե ուզենք միջազգային գիտաժողով կազմակերպել Արցախի էթնիկ զրկման առնչությամբ, ակադեմական ուսումնասիրություն, ոչ թե քաղաքական, արդյո՞ք թույլատրություն պիտի տրվի՝ այս գիտաժողովը ցեղասպանության թանգարանի ներսում կազմակերպել։ Այսպիսի հարցեր ունենք մենք», - ասաց նա:

Վենս ամուսիններին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը Հայաստանի վարչապետը սադրիչ քայլ էր որակել, նրա ցուցումով էլ Գզոյանը հեռացավ աշխատանքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցեղասպանության թանգարանի տնօրենի «հարկադիր պաշտոնանկությունը» սարսափեցնող ազդակ է. ցեղասպանագետներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ազատվել է Փաշինյանի ցուցումով՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար

Թանգարան-ինստիտուտի անձնակազմը, հոգաբարձուների խորհրդում շատերը ընդվզեցին, բայց անօգուտ։ Սրան հետևեցին բազմաթիվ հայտարարություններ աշխարհի տարբեր գիտական կենտրոններից, ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություններից։ Միջազգային ակադեմիական աշխարհում շատ լուրջ մտահոգություն կա: Հայաստանում ակադեմիական ազատությունը ստորադասվում է քաղաքական նպատակահարմարությանը, շեշտում է պրոֆեսորը. «Արդյոք պատմաբանները պիտի՞ ունենան խոսքի ազատություն՝ արծարծելու իրենց ուսումնասիրությունը Ցեղասպանության թանգարանում»:

Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան հայտարարել էր՝ Հայաստանը բարդ վիճակում է, ձգտում է Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, բայց պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հաստատում են մտահոգությունները։

«Այն, ինչ որ կապ ուներ միջազգային մեր գործընկերների հետ, որոշները սառեցված են կամ այս պահին անորոշ վիճակում են», - «Ազատությանն» ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Նարինե Մարգարյանը:

Միջազգային գիտաժողովներ են պլանավորել, սակայն Մարգարյանը կասկածում է, որ դրանք տեղի կունենան. «Մտավախություն կա, որ լավագույն ցեղասպանագետները, ոլորտի մասնագետներն արդեն խոսել են, որ վտանգված է այստեղ ակադեմիական ազատությունը, արդյոք այս պայմաններում կորոշե՞ն դիմել»:

Կոնֆերանսներից մեկը ֆրանսիական կողմի հետ է, սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոն Գևորգյանի հրաժարականից հետո այն կարծես թե չեղարկվում է։

Թանգարան-ինստիտուտը Եվրամիության ծրագրով երկու տարի է՝ պատմական հիշողության փոխանցման մեխանիզմների վերաբերյալ ծրագիր է իրականացնում։

«Եվրոպական կողմից ազդակ կա, որ միգուցե երրորդ տարին այն չկայանա այն ձևաչափով, ինչպես նախատեսված էր», - նշեց Մարգարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցեղասպանագետն առաջարկում է Հայաստանում ստեղծել անկախ ցեղասպանագիտության ինստիտուտ

Ցեղասպանագիտական հանդեսի հետ կապված սահմանափակումների ենք բախվում, նշում է թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղարը։ Ամսագիրը 2025-ին ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում։ Ցեղասպանագիտության միջազգայնացման, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատանքները աշխարհին հասցնելու հնարավորություն է սա։ Աշխարհի անվանի ցեղասպանագետների անունները այժմ բողոքի նամակների տակ են։ Դժվար թե համագործակցեն մեզ հետ, ափսոսում է Նարինե Մարգարյանը. «Խնդիրը անձերը չեն, այսինքն՝ այստեղ երևույթն է, որ դրսի գիտնականները միշտ տարանջատում են քաղաքականությունը ակադեմիական ազատությունից, և այստեղ այդ մարդկանց մտավախությունը խոսքի և ակադեմիական ազատության դա է կարծես նրանց հետ պահում այն համագործակցությունից, որը կարող էր լինել»:

Հայ ցեղասպանագետ-պատմաբանների համար թե՛ ամսագիրը, միջազգային գիտաժողովները, թե՛ արտերկրի գիտնականների հետ համատեղ ծրագրերը Ցեղասպանության միջազգայնացման հնարավորություններ են։ Թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղարը շեշտում է՝ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարի։ Միայն 2025-ին մի քանի կարևոր աշխատություններ են տպագրվել հեղինակավոր հրատարակչատներում՝ երեխաների տեղահանման ու բռնի թրքացման վերաբերյալ աշխատանքը, պատմական հիշողության վերաբերյալ ուսումնասիրությունը, թանգարանի կատալոգը թարգմանվել և տպագրվել է ևս 5 լեզուներով, շարունակել են արխիվում եղած ականատեսների ձեռագիր հուշագրերը տպագրել։ Պիտի այս օրերին գրքերի շնորհանդեսները լինեին, բայց ոչինչ էլ չեղավ։

Նարինե Մարգարյանը շեշտում է՝ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական գերակայությունից հանելու, Արցախի հարցը փակելու վերաբերյալ իշխանության հայտարարությունները, այնուամենայնիվ, չեն փոխել թանգարան-ինստիտուտի նախկինում սկսած ծրագրերի ընթացքը։

«Մինչ այս պահը մենք որոշակի սահմանափակումներ չենք ունեցել, բացառությամբ այս արարողակարգի հետ կապված դրվագի, մենք մշտապես շարունակել ենք մեր գիտական ուսումնասիրությունները, տպագրվել ենք և՛ Արցախի թեմայով, և՛ Ցեղասպանության միջազգային իրավական տարբեր հարթակներում մենք մեր խոսքը գիտական, ակադեմիական հարթակներում ունեցել ենք», - ասաց նա։

Խնդիրը, կրկնեց, միջազգային ծրագրերի հետ է կապված՝ դրանք կա՛մ անորոշ են, կա՛մ սառեցված։ Թանգարան-ինստիտուտում այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Հրաչյա Թաշչյանը՝ դիվանագետ է ու վարչապետի թիմակիցը։

Թաշչյանը պնդեց՝ միջազգային համագործակցության չեղարկում չկա. «Մեկը կար, որի վերաբերյալ վերջնական որոշում այսպես թե այնպես չէր եղել, հիմա առկախված վիճակում է: Մեն կոնֆերանս ունենք, որ ուժի մեջ է, ոչ մի բան չի փոխվել»:

Նոյեմբերին ծրագրված է «Հայոց ցեղասպանության իրագործումը Սիրիայի ու Միջագետքի անապատներում» թեմայով միջազգային գիտաժողով։ Սա նկատի ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հայտարարությունն արդեն տեղադրված է թանգարան-ինստիտուտի էջում։ Ըստ գիտական քարտուղարի՝ խնդիրն այն է՝ արդյոք միջազգային գիտաժողովը կլինի միջազգային։