Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. ՊԵԿ

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզական համալիրը

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» մարզական համալիրում առանձնապես խոշոր չափերով հարկեր են թաքցրել։

«Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն»,- հայտարարում է ՊԵԿ-ը։

Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ «հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում»։ «Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն»։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ նախնական հաշվարկներով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Երկու օր առաջ կալանավորված Ծառուկյանի խոսնակն ու նրա փաստաբաններն առայժմ չեն անդրադարձել ՊԵԿ-ի պնդումներին։

ԲՀԿ առաջնորդի առանձնատան խուզարկություններին և նրա ձերբակալությանը զուգահեռ կապարակնքվել են նաև Ծառուկյանների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը, «Մուլտի Սթոուն»-ը, Օլիմպավանը և «Փարավոն» ռեստորանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արարատցեմենտի» աշխատակիցները հավաքվել են գործարանի դիմաց․ պարզաբանումներ են պահանջում