Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պարզաբանել է, թե ինչու է դատարանով պահանջում, որ դադարեցվեն ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի լիազորություններն ու որոշումներն անվավեր ճանաչել: Պահանջում են նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորություններն ու որոշումներն անվավեր ճանաչել:
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սույն թվականի ապրիլի 3-ին ծանուցվել է ս.թ. ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ»,- հայտարարել են ֆեդերացիայից:
Բացի այդ նշել են, որ միաժամանակ, ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։ «Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, ուստի պարզ չէ՝ ինչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ»,- ասված է ֆեդերացիայի հայտարարությունում
Ըստ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի՝ ընտրությունները լինում են օլիմպիական ամառային խաղերից հետո հրավիրված հատուկ նիստում, այն նշանակել են ապրիլի 11-ին ու այդ օրն էլ հրավիրել են նիստ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած ֆեդերացիան դիմել է դատարան ու տապալվել է նիստը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Աբսուրդ է, քաղաքական հաշվեհարդար». ինչո՞ւ են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնումԾանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Հիմքերի մասին դատալեքսում հրապարակային ոչ մի տող չկա: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համար այս հայցը անակնկալ է եղել, նշել է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: