«Ծանր է ու վիրավորական». ինչու Շեֆիլդում «Հայաստան» անունը չհնչեց

Շեֆիլդում օրերս կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությանը «Հայաստան» անունը չհնչեց:

«Վիրավորական է, կարծես նորից կարանտինի մեջ լինենք, ու նորից ոչ մի տեղ չենք կարող ճամփորդել», - «Ազատության» հետ զրույցում ասաց գեղասահորդուհի Կարինա Ակոպովան:

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը և գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը չհասան Անգլիա՝ վիզա չունենալու պատճառով:

«Ծանր է, ծանր է, քանի որ մենք լավ մարզավիճակում էինք, պատրաստվել էինք Եվրոպայի առաջնությանը և գիտեինք, որ կարող ենք պայքարել լավ տեղերի համար», - նշեց Ակոպովան:

«Ազատության» հետ զրույցում թե՛ գեղասահորդները, թե՛ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահը պնդում են՝ փաստաթղթերը դեսպանատուն են ներկայացրել պահանջված ժամկետներից էլ շուտ, սակայն Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ձգձգել է գործընթացը, անտեսել պաշտոնական նամակները և ուսումնասիրել փաստաթղթերն այնքան երկար, որ այդ ընթացքում Եվրոպայի առաջնությունն արդեն մեկնարկել է:

«Դա բոլորովին անսպասելի էր։ Մենք դեկտեմբերի սկզբին անմիջապես դիմեցինք Եվրոպայի առաջնության վիզայի համար, գիտեինք, որ մարզիկների համար գործընթացը տևում է 10 օր։ Դա պաշտոնապես գրված է նրանց կայքում։ Առավելագույնը՝ 21 օր։ Հաշվի առնելով այս բոլոր վերջնաժամկետները՝ դիմեցինք մրցույթից ավելի քան մեկ ամիս առաջ։ Մենք դեռևս նախորդ շաբաթ պետք է մեր վիզաները ստացած լինեինք, եթե ոչ դեկտեմբերի վերջին, բայց պատասխան չկար», - պատմեց Կարինա Ակոպովան:

Նորին Մեծության դեսպան Ալեքսանդրա Քոուլը միայն երեկ երեկոյան ուղերձ տարածեց՝ «ափսոսանք» հայտնելով, որ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել առաջնությանը: Դեսպան Քոուլը հայտարարեց, թե «իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացել է սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը»։

Մինչդեռ գեղասահորդները պնդում են՝ օրերով սպասել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դռների առջև: Որևէ մեկը նրանց չի ընդունել:

«Երկու օր նստած էինք դեսպանատան դիմաց։ Նրանք նույնիսկ մեզ ներս չթողեցին։ Մենք կանգնած էինք մուտքի մոտ և օգնություն էինք խնդրում, քանի որ Եվրոպայի առաջնության ենք։ Նրանք ասում էին. «Վերջ, անձամբ գրեք այնտեղ, մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել»», - փոխանցեց Ակոպովան:

Մեծ Բրիտանիա մտնելու թույլտվությունը տալիս է Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայությունը (UKVI) : Կարինա Ակոպովայի խոսքով՝ ծառայությանը թե՛ իրենք են բազմիցս դիմել, թե՝ միջազգային ֆեդերացիայից. ապարդյուն. - «Միջազգային չմշկասահքի միությունը՝ ISU-ն է նրանց պաշտոնական էլեկտրոնային նամակ գրել, մենք ենք գրել, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան է գրել, Սպորտի նախարարությունը, բայց նրանք պարզապես չէին պատասխանում մեր ոչ մի հաղորդագրությանը»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն էլ է կապվել ներգաղթի ծառայության հետ, միայն թե այն ժամանակ, երբ մրցաշրջանն արդեն մեկնարկել էր:

«Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայությունից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը», - նշում է Ալեքսանդրա Քոուլը:

Մարզիկները ոչ միայն տարին մեկ կազմակերպվող կարևոր ստուգատեսն են բաց թողել, այլև ի վերջո ստիպված եղել 38 հազարական դրամ վճարել՝ սեփական անձնագրերը ետ ստանալու համար:

«Երբ հասկացանք, որ վիզա չենք ստանալու, խնդրեցինք վերադարձնել մեր անձնագրերը, նրանք գումար պահանջեցին՝ պարզապես մեր անձնագրերը առանց վիզաների հետ տալու համար», - ասաց Ակոպովան:

Հայաստանը ներկայացնող մարզիկների համար այս պատմությունը ոչ միայն ցավալի է, այլև անհասկանալի. փաստացի, Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի անձնագրով ավելի արագ է հնարավոր եղել Մեծ Բրիտանիա հասնել։

«Մեր մարզիչը Ռուսաստանում իր ռուսական անձնագրով երեք շաբաթում վիզա ստացավ: Մենք կարծում էինք, որ պետք է ստանանք Հայաստանում՝ օգտագործելով հայկական անձնագրերը, բայց այսպես ստացվեց։ Ոչ մի պատճառ չկա։ Բացարձակապես ոչ մի պատճառ, ոչ ոք մեզ ոչինչ չբացատրեց», - ընդգծեց գեղասահորդուհին:

«Ինչ արած, հիմա մենք արդեն պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին», - ամփոփեց Կարինա Ակոպովան:

Ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Իտալիայում փետրվարին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը՝ մուտքի վիզա չստանալու պատճառով