Միացյալ Նահանգներում ավարտվել է պատմության մեջ ամենաերկար`43 օր շարունակված շաթդաունը, որը կաթվածահար էր արել կառավարության ու բյուջեից ֆինանսավորվող մյուս կառույցների աշխատանքը՝ հարյուր հազարավոր ամերիկացիների զրկելով աշխատավարձից ու օգնությունից։
Այս տարվա բյուջեի շուրջ ամիսներ շարունակված անարդյունք բանակցություններից հետո՝ երեկ, դեմոկրատների մի խումբ համաձայնել է միանալ հանրապետականներին և ընդունել օրենք, որը կֆինանսավորի կառավարության աշխատանքը մինչև հունվարի վերջ։ Անցած գիշեր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է այդ օրինագիծը։
«Մենք երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի», - հայտարարել Է Թրամփը ստորագրման արարողության ժամանակ, որը նա օգտագործել է դեմոկրատներին քննադատելու համար:
Առաջիկա ամիսներին, սակայն, դեմոկրատներն ու հանրապետականները ստիպված կլինեն շարունակել բանակցությունները՝ ընդունելու փաստաթուղթ, որը կհաստատի Ամերիկայի բյուջետային հատկացումները հունվարի 31-ից հետո: