Թրամփը, Պուտինն ու Ծինփինը 1.5 ժամ բանակցել են. ի՞նչ է ասվում համատեղ հայտարարությունում

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը, 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան

Չինական Շենժեն քաղաքում մոտ 1.5 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահները խաղաղության մասին չորս կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ընդունել։

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ երեք երկրները նշում են, որ հանձնառու են ՄԱԿ-ը բարեփոխելու հարցում, որպեսզի այն կարողանա ավելի արդյունավետ արձագանքել համաշխարհային մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը:

Երկրները նախատեսում են ավելացնել վերամշակված նավթամթերքների արտադրությունն ու մատակարարումը՝ բոլոր երկրների օգտին, նաև վերահաստատում են կայուն էներգամատակարարման կարևորությունը։

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը, 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան

Փաստաթղթում նշվում է, որ պետությունների միջև համաձայնության սկզբունքը և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարգումը հիմնարար նշանակություն ունեն: Կողմերը նաև համամիտ են, որ Միջազգային քրեական դատարանը և նման այլ մարմինները «չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները»։

Հայտարարության չորրորդ կետում, որը վերաբերում է միջուկային սպառազինությանը, ասվում է. «Երեք պետությունների ղեկավարները վերահաստատեցին, որ միջուկային պատերազմում հաղթանակ հնարավոր չէ և երբեք չպետք է այն մղվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար»։

Չնայած ակնկալվում էր, որ կքննարկվեն Իրանի և Ուկրաինայի պատերազմները, սակայն հայտարարությունում այդ մասին հիշատակում չկա:

Գերտությունները՝ պատասխանատու

Մինչ այդ՝ եռակողմ հանդիպման բաց հատվածում, Չինաստանի նախագահը հայտարարել էր, որ երեք գերտերությունները պետք է համագործակցեն՝ աշխարհում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Սի Ծինփինն ասել էր, որ դա իրագործելու հարցում իրենք հատուկ պատասխանատվություն ունեն, և դա ոչ թե ընտրության հարց է, այլ պարտադիր պահանջ: Ըստ նրա՝ աննախադեպ արագ փոփոխվող աշխարհում հենց մարտահրավերներն են բացահայտում, թե որն է իրական առաջնորդությունը։

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը բանակցում են, 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան

«Որպես համաշխարհային առաջատար տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ մեր երեք երկրները պետք է օրինակ ծառայեն, համագործակցեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում, միասին ապահովեն խաղաղություն և կայունություն ողջ աշխարհում և ավելի մեծ ներդրում ունենան մարդկության առաջընթացի գործում»,- ասել է Չինաստանի նախագահը։

Երկխոսությունը՝ միակ լուծում

Դոնալդ Թրամփն էլ ասել է, որ պարտավոր են բաց, հարգալից և արդյունավետ երկխոսություն վարել ոչ միայն իրենց երկրներին, այլև ողջ աշխարհին վերաբերող հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է անցյալում թողնել նախկին փորձը, երբ առաջնորդները խուսափում էին խոսել այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունեին: Խնդիրների կարգավորման ուղին երկխոսությունն է, ասել է նա:

«Նախկինում ոչ մի խնդիր երբեք չի լուծվել, երբ հրաժարվել են դրա մասին խոսելուց։ Հետևաբար, խաղաղությունը երբեք չի ձեռք բերվել, երբ նվազեցվել են փոխազդեցության և երկխոսության հնարավորությունները»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը նաև ասել է, որ որպես աշխարհի երեք խոշորագույն միջուկային տերություններ՝ բացառիկ դիրքում են՝ քննարկելու աշխարհում միջուկային զենքի քանակն ու դրա կիրառման ռիսկը նվազեցնելու ուղիները։

Գործընկերություն և փոխադարձ հարգանք

Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ երեք երկրներին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած պետության կարգավիճակը, այլև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեղ պատասխանատվությունը։ Ըստ նրա՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամներ իրենք պարտավոր ենք պահպանել և ամրապնդել միջազգային իրավունքի այն համակարգը, որն ի հայտ եկավ հենց այս կառույցի ստեղծման հետ:

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը, 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան

«Իմ մասով ես համոզված եմ, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև մեր ժողովուրդները, ունակ են զգալի ներդրում ունենալ համաշխարհային անվտանգության և կայունության ամրապնդման գործում, եթե կառուցողական համագործակցություն վարեն՝ հիմնված գործընկերության, փոխադարձ հարգանքի, հավասարության և շահերի հավասարակշռության վրա»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ էլ Պուտինին լրագրողը հարցրել է, թե արդյոք այսօր հնարավոր է ԱՄՆ-ի հետ համաձայնությունների հասնել: Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը բարդ է, և կողքից նայելով կարելի է ասել, որ այնտեղ իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար Ռուսաստանը:

Սակայն, ըստ նրա կարևորը դա չէ: «Ամենակարևորն այն է, որ ես կասկած չունեմ, որ նախագահ Թրամփն անկեղծորեն նվիրված է հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ ուկրաինական, և անկեղծորեն նվիրված է երկկողմ հարաբերությունների բարելավմանը մի շարք ոլորտներում»,- ասել է նա: