Թրամփը պնդում է, թե չի փորձում Իրանին վերադարձնել բանակցությունների

ԱՄՆ նախագահը հերքել է ենթադրությունները, որ ԱՄՆ-ի նոր հարվածները նպատակ ունեն Թեհրանին բանակցային սեղանի շուրջ բերել: Դոնալդ Թրամփն ասել է, որ չի փորձում Իրանին ստիպել՝ վերադառնալու բանակցությունների։

«Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե արդյոք նրանք կստորագրեն իրենց համար որևէ արժեք չունեցող համաձայնագիր», - սոցցանցում գրել է Թրամփը։

Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները «գրեթե լիակատար վերահսկողություն» ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, իսկ Իրանի տնտեսությունը փլուզվում է: «Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և կռվելու», - հարցադրում է արել Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփի հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր լարվածության ֆոնին: ԻՀՊԿ-ն հայտնել է, որ ի պատասխան ամերիկյան ուժերի հարձակումների՝ բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա:

Իրանական կողմի պնդմամբ՝ արևմտյան Քերմանշահ նահանգի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված հարձակման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ևս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել, իսկ ավելի քան 50-ը վիրավորվել է, երբ ԱՄՆ հրթիռի բեկորները հարվածել են Իրանի հարավային Սիրիկ քաղաքում գտնվող տանը, որտեղ հարսանեկան արարողություն էր տեղի ունենում։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ տեղյակ են այդ հաղորդումների մասին, բայց երբեք չեն թիրախավորել քաղաքացիական անձանց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան հարվածներից Իրանում 4 զինծառայող է սպանվել. ԻՊՀԿ Իրանը զանգվածային հարձակում է գործել Ծոցի մի քանի երկրի վրա