Թրամփը որոշեց Ռիչարդ Գրենելին հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց նշանակել

Ռիչարդ Գրենելն ու Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ, 23-ը սեպտեմբերի, 2024թ․

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ հանձնարարությունների գծով բանագնացի պաշտոնում առաջադրել է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելի թեկնածությունը։

Թրամփը Truth Social-ում գրել է, որ Գրենելն «աշխատելու է աշխարհի ամենաթեժ կետերում», այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում։

Թրամփի ուղերձում նաև նշել է, որ Գրենելը «շարունակելու է պայքարը հանուն խաղաղության՝ ուժի միջոցով»։

Reuters-ին աղբյուրը հայտնել է, որ նա նաև կկենտրոնանա Բալկաններում լարվածության վրա։

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին նա Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդն էր, սակայն Թրամփն այդ պաշտոնը վստահեց Մարկո Ռուբիոյին։ Գրենելի թեկնածությունը Թրամփը դիտարկում էր նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, սակայն այդ պաշտոնում առաջադրեց գեներալ Քիթ Քելլոգին։

Թրամփի նախագահության առաջին ժամկետում Գրենելը եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը, Սերբիայի և Կոսովոյի խաղաղ բանակցություններում նախագահի հատուկ բանագնացը:

2024-ի ամռանը Գրենելը հանդես է եկել Ուկրաինայում «ինքնավար գոտիների» ստեղծման օգտին։ Նա նաև հայտարարել է, որ չի աջակցում մոտ ապագայում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին