Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին, չի բացառել Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ՝ Սպիտակ տան հարավային մարգագետնում, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, 16-ը հոկտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կտրուկ քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ պնդելով, թե Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Սպիտակ տան ղեկավարը նաև չի բացառել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը, հայտնում է BBC-ն։

Լրագրողները Թրամփին հարցրել են Զելենսկիի վերջին հայտարարությունների մասին, որն ասել էր, որ եթե ամերիկյան կառավարությունն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա այն կհայտնվի «պատմության սխալ կողմում»։

«Զելենսկի՞ն է դա ասել։ Զելենսկին չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Զելենսկին այն մարդն է, որը պետք է վաղուց կարգավորած լիներ այս պատերազմը։ Եթե նա լսեր ինձ, վաղուց շատ ավելի լավ գործարք կկնքեր»,- պատասխանել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պաշտպանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու իր որոշումը և մեղադրել Զելենսկիին

Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «ժամանակն է, որ Ուկրաինայի անունից ուրիշ մեկը բանակցի»։ «Եթե նա լսեր ինձ, հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում, նա այս ամենը վաղուց լուծած կլիներ։ Գուցե ժամանակն է, որ Զելենսկին գտնի ուրիշ մեկին բանակցելու համար», - ասել է Թրամփը։

2025 թվականի փետրվարին Թրամփը սկանդալային հանդիպում ունեցավ Զելենսկիի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Այդ ժամանակ Թրամփի գլխավոր պահանջն Ուկրաինայի նախագահից Ռուսաստանի հետ անհապաղ հրադադար հաստատելն էր։ Սկզբում Զելենսկին պնդում էր, որ Կիևին անհրաժեշտ են անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն Սպիտակ տան սկանդալից կարճ ժամանակ անց Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին, որ համաձայնեն հրադադարին։ Սակայն Ռուսաստանը մերժեց այս առաջարկը։

Թրամփին նաև հարցրել են Ուկրաինային ԱՄՆ հետախուզական տվյալների տրամադրման խափանումների մասին, ինչի մասին վերջին օրերին խոսել էր Զելենսկին: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահը պնդել է, որ ԱՄՆ-ն Կիևին ժամանակին չի տրամադրել նախազգուշացում ռուսական հրթիռային հարվածների մասին: Կիրակի Զելենսկին NBC-ին ասել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը վերսկսվել է, սակայն երկուշաբթի հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի ստացել Կիևի վրա բալիստիկ հրթիռային հարձակման մասին ամբողջական տեղեկատվություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի

«Այո՛, մենք հետախուզական տվյալներ տրամադրում ենք, - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին,- Մենք շատ բան ենք տալիս Ուկրաինային։ Եվ գիտե՞ք ինչ։ Մենք շատ բան ենք տվել Ուկրաինային։ Նրանք մեզ ոչինչ չեն տվել»։

Թրամփի և Զելենսկու հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, որից հետո նա հայտարարեց համաձայնագրի մասին, որը թույլ կտա Ռուսաստանին դիզելային վառելիք մատակարարել համաշխարհային շուկա։ Թրամփը նաև անորոշ ժամանակով հետաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ինչպես պահանջվում է Լինդսի Գրեհեմի օրենքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի հարցով ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումը քննարկվում է. Պեսկով

Լրագրողները Թրամփին հարցրել են նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին՝ Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար։ Շաբաթավերջին ամերիկյան Wall Street Journal թերթն էր գրել, որ Պուտինը նման գագաթնաժողովի գաղափարն առաջարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել էր, որ քննարկվում է նման հնարավորությունը:

Հարցին, թե արդյոք կհամաձայնի հանդիպել Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ոչ։ Բայց ես դա կանեի ոչ այնքան Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը, անկեղծ ասած, Ուկրաինայի հարցում նորմալ է պահում իրեն ... Նույնը վերաբերում է նաև Չինաստանին։ Մենք կարող ենք այն անցկացնել՝ քննարկելու միջուկային զենքը, միջուկային զինաթափումը»։