Թրամփը հայտարարում է՝ Իրանը «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է խոսել, հավելելով, սակայն, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից, հակառակ դեպքում «հանդիպելու ոչ մի պատճառ չկա»։

«Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք՝ հեռախոս կա։ Մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր», - նախօրեին Fox News-ին ասել է Թրամփը:

«Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է․ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ, Պակիստանում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների շուրջ անորոշության ֆոնին՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր ակնկալվում է իր հանդիպումը կարևորագույն դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թեհրանը շարունակաբար վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ է հետապնդում, չնայած ԱՄՆ-ն և Իսրայելը Թեհրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու գաղտնի փորձերի համար։

Նախագահ Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, Իրանը՝ մերժում է:

Axios գործակալությունը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, այսօր հաղորդել է, որ Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել ամերիկյան կողմին։

Սակայն, ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավելի ուշ կընթանան։