Թրամփը հայտարարել է, թե Ղազախստանը միանում է Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ղազախստանը միանում է Աբրահամի համաձայնագրերին, որով արաբական մի շարք երկրներ սերտացրել էին հարաբերությունները Իսրայելի ու Վաշինգտոնի հետ։

«Ղազախստանը իմ երկրորդ ժամկետի ընթացքում առաջին երկիրն է, որը միանում է Աբրահամի համաձայնագրերին, առաջինը՝ շատերից», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Ղազախստանի քայլը առավել խորհրդանշական բնույթ ունի, քանի որ Աստանան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել անկախությունից ի վեր՝ ավելի քան 30 տարի առաջ։ Սպիտակ տունը, սակայն, այս քայլը ներկայացնում է որպես առաջընթաց։

Հայտարարությունը հնչել է Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ առաջնորդների հետ նախագահ Թրամփի՝ երեկվա հանդիպումից հետո, որի օրակարգում է եղել համագործակցությունը հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում։
«Այս երկրները անասելի կարևոր են և անհավանական մեծ ներուժ ունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը քննարկում է Աբրահամի համաձայնագրերին Բաքվի միանալու հարցը. Ըստ «Ռոյթերզի»՝ նախապայմանը հայ-ադրբեջանական կարգավորումն է