Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանը համաձայնել է չունենալ միջուկային զենք, և որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ներգրավված է Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։

«Նրանք արդեն համաձայնության են եկել, որ չեն ունենալու միջուկային զենք», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանական կողմից մեկնաբանություն առայժմ չկա:

Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանն ու ԱՄՆ-ն օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները, թեև ԱՄՆ նախագահը երեկվանից արդեն երկրորդ անգամ հերքել է դա: Իրանին ամերիկյան հարվածներից հետո Դոնալդ Թրամփը դարձյալ վստահեցրել էր, թե հրադադարի իր առաջարկած համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ փաստաթղթում շատ հստակ նշվում է դրա մասին:

Իրանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, հերքել էր, թե բանակցում են միջուկային ծրագրի շուրջ: Ըստ Էսմայիլ Բաղայիի՝ այս փուլում առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է: