Թրամփը ԵՄ-ից պահանջել է 350 միլիարդ դոլար՝ Ուկրաինային ցուցաբերված աջակցության դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է Վաշինգտոնին 350 միլիարդ դոլար փոխհատուցեն, որը, նրա խոսքով, ծախսվել է Ուկրաինային աջակցելու համար Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Էնդրյուսի ռազմաօդային բազայում ելույթի ընթացքում Թրամփը նշել է, որ եվրոպացի առաջնորդներին հիշեցրել է Կիևին ցուցաբերված ամերիկյան աջակցության ծավալների մասին։

«Մենք ձեզ տվել ենք, պատկերացրեք, 350 միլիարդ դոլար՝ ինքնաթիռների, բոլոր տեսակի զենքերի և այլ միջոցների տեսքով»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Բայդենի վարչակազմը եվրոպացի դաշնակիցներից չի պահանջել փոխհատուցել այդ ծախսերը։

Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինային տրամադրված օգնության ծավալների վերաբերյալ այն գնահատականները, որոնք նախկինում ներկայացրել էին իր նախորդներն ու ԱՄՆ դաշնակիցները։

2025թ. փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վիճարկել էր Թրամփի հայտարարությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի օգնությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը։ Զելենսկու խոսքով՝ իրական ծավալները զգալիորեն ավելի փոքր էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը դադարեցնում է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային. Կիևում մտահոգված են

2025-ի նոյեմբերից ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է Ուկրաինային աջակցության ուղղակի ֆինանսավորումը, սակայն շարունակում է սպառազինություն մատակարարել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այնուհետև այն փոխանցում են Կիևին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը Hawk ՀՕՊ համակարգերի սարքավորումներ կվաճառի Ուկրաինային